168.am-ը գրում է.

Թաիլանդում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: Ենթադրվում է, որ պատանի ֆուտբոլիստները եւ նրանց ուսուցիչը հեղեղումների պատճառով արգելափակված են մնացել Թհամ Լուանգի քարանձավում, տեղեկացնում է BBC-ին:

Փրկարարա-որոնողական աշխատանքների անցկացումը դժվարացնում են այդ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւները:

Փրկարարներն այժմ փորձում են գտնել քարանձավի եւս մեկ մուտքը, քանի որ գլխավորն անհասանելի է դարձել բարձրացող ջրի պատճառով:

Դեռահասների խմբի հետ կապը կորել է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին: Այդ ժամանակվանից թիմից ոչ ոք կապի մեջ չի մտել: Միակ բանը, որը մատնանշում է նրանց գտնվելու վայրը, հեծանիվներն են, որոնք թողել են քարանձավի մուտքի մոտ: Փրկարարները փորձեր են ձեռնարկել ջուրը պոմպով դուրս մղել քարանձավի հեղեղված տեղամասերից, սակայն այդ ջանքերը զուր են անցել այն բանից հետո, երբ լույս հունիսի 27-ի գիշերը անձրեւներն ուժեղացել են, եւ քարանձավում ջրի մակարդակը կրկին զգալիորեն բարձրացել է:

Փրկարարներին օգնում են տասնյակ կամավորներ. հիմնականում նրանք դայվերներն են, որոնք ջրով ողողված քարանձավներում աշխատելու փորձ ունեն: Անձրեւների տարեշրջանում, որը Թաիլանդում շարունակվում է հունիս ամսից մինչեւ հոկտեմբեր, ջրի մակարդակը քարանձավում բարձրանում է մինչեւ 5 մետր:

Սակայն, ինչպես նշվում է, Թհամ Լուանգի քարանձավային համալիրում կան անխորտակելի չոր խցեր, որոնցից մեկում էլ կարող են գտնվել դեռահասները: Ուստի, փրկարարների խոսքով, մեծ է այն բանի հավանականությունը, որ երեխաները եւ մարզիչը ողջ են, թեեւ, ինչպես նշում են իշխանությունների ներկայացուցիչները, դեռահասներն իրեց հետ ուտելիք չունեն:

Հունիսի 26-ին ջրասուզակները, որոնք մասնակցում են խմբի որոնումներին, հայտնել են, որ քարանձավում հայտնաբերել են թարմ հետքեր: Կորած խմբում 11-ից մինչեւ 16 տարեկան դեռահասներ են, նրանց մարզիչը՝ 25 տարեկան է: Պատանի ֆուտբոլիստների որոնումներն սկսվել են հունիսի 23-ի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ նրանց ծնողները տեղեկացրել են, որ երեխաները տուն չեն վերադարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել