Բաղադրիչներ
- Կակաչի սերմով շերտի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 6 ճ/գ
- ալյուր - 6 ճ/գ
- կակաչի սերմ (мак) - 80 գ
- Սպիտակ շերտի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2 ճ/գ
- ալյուր - 2 ճ/գ
- Ելակով դոնդողի համար՝
- ելակ - 500 գ (սառեցրած)
- ժելատին - 15 գ
- ջուր - 6 ճ/գ
- շաքարավազ - 4 ճ/գ
- Կրեմի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150 գ
- օսլա (крахмал) - 5 ճ/գ
- կաթ - 350 մլ
- կարագ - 300 գ
- վանիլին - 15 գ
- Զարդարելու համար՝
- կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակը
- Ժելատինը ջրում թրջում ենք:
Պատրաստում ենք կակաչի սերմով շերտը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք և սպիտակուցները հարում մինչև պինդ փրփուրի վերածվելը: Ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Հետո ավելացնում ենք դեղնուցներն ու հարիչի ամենաթույլ արագությամբ թեթևակի խառնում (կարող ենք դեղնուցները հատ-հատ լցնել ու խառնել ձեռքի հարիչով): - Լցնում ենք ալյուրն ու գդալով խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր:
- Հետո արդեն լցնում ենք կակաչի սերմերը: Եթե սերմերը խոշոր են, բլենդերով մանրացնում ենք, խառնում ենք, և խմորն արդեն պատրաստ է: 24 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը լցնում մեջը:
- Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով և հետևում, որ խմորը շատ չչորանա:
- Թխված շերտը թեթևակի հովացնում ենք:
- Կիսում ենք ու դարձնում երկու շերտ:
Պատրաստում ենք ելակով դոնդողը: Ելակը լվանում ենք և բլենդերով տրորում: Ավելացնում ենք շաքարավազն ու խառնում:
Այս ընթացքում ժելատինն արդեն փափկած կլինի: Ջուրը դատարկում ենք, ժելատինը դնում փոքրիկ կաթսայի մեջ, ավելացնում 6 ճ/գ ջուր և խառնելով՝ կրակի վրա տաքացնում, մինչև որ ժելատինը լրիվ լուծվի (չենք եռացնում):
Ժելատինով լուծույթը լցնում ենք ելակի խյուսի մեջ և լավ խառնում: Լցնում ենք թաղանթ փռած երկու ձևամանների մեջ ու մի քանի րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի պնդանա:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը, շաքարավազն ու օսլան լավ խառնում ենք և ստանում համասեռ զանգված:
Ավելացնում ենք կաթն ու վանիլինը: Եվս մեկ անգամ լավ խառնում ենք և դնում կրակին:
Եփում ենք միջին ուժգնության կրակին, մինչև խտանա (խտանալուն պես կրակից վերցնում ենք): Դնում ենք սեղանին ու խառնում:
Իսկ եթե կրեմը դեռ ջրիկ է մնացել, մի քիչ էլ ենք տաքացնում: Լցնում ենք ափսեի մեջ, որպեսզի արագ հովանա: Կարագը լցնում ենք ամանի մեջ, հարիչի առավելագույն արագությամբ հարում:
Թեթևակի գոլացած կրեմը լցնում ենք կաթսայի մեջ և հարում: Հետո 1-2 ճաշի գդալով քիչ-քիչ ավելացնում ենք կարագն ու հարում, մինչև որ երկու զանգվածներն ամբողջությամբ միանան ու դառնան համասեռ: Ստացվում է թանձր ու համեղ կրեմ: Իսկ եթե տաք լինելու պատճառով կրեմը մի քիչ ջրիկ է ստացվել, ապա լրիվ սառչելուց հետո այն անպայման կթանձրանա:
Տորթը հավաքում ենք հետևյալ հերթականությամբ՝ կակաչի սերմով շերտ – կրեմ – դոնդող – կրեմ – սպիտակ շերտ – կրեմ – դոնդող – կրեմ – կակաչի սերմով շերտ: Կրեմը քսում ենք այնպես, որ բավականացնի 4 անգամ շերտերին քսելու և տորթի կողքերն ու երեսը ծածկելու համար:
Տակի շերտին քսում ենք կրեմի 1/5 մասը և վրայից դնում ելակի դոնդողը: Վրայի թաղանթը զգուշությամբ պոկում ենք:
Քանի որ դոնդողի վրա կրեմ քսելը հարմար չէ, կրեմը քսում ենք մյուս շերտին ու դնում դոնդողի վրա: Վերը նշված հերթականությամբ հավաքում ենք ամբողջ տորթը:
Տորթի երեսն ու կողքերը պատում ենք կրեմով: Զարդարում ենք այնպես, ինչպես մեր դիզայներական ճաշակն է հուշում: Կարելի է կողքերին կոկոսի քերուկ ցանել, իսկ վրան ելակի խյուս քսել:
Ցանկալի է թողնել ողջ գիշեր, որպեսզի կրեմը ներծծվի, ու տորթն ավելի համեղ դառնա:
Իսկ առավոտյան արդեն վայելում ենք մեկ բաժակ սուրճ ու ելակով տորթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել