Այսօրվանից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում մեկնարկում է 25 մասից բաղկացած նոր մելոդրամա՝ «Թունավոր սեր» անունովBlogNews.am-ն իր ընթեցողներին արդեն պատմել է դինամիկ ու հետաքրքիր սյուժեի մանրամասները՝ ընդգծելով, որ կինոժապավենի հիմքում անկեղծ սերն է, որն ունակ է հաղթելու ամենքին ու ամեն ինչին: Այս անգամ մեր զրուցակիցը սերիալի առանցքային դերակատարներից Նիկոլայ Եղիազարյանն է, ով երկար դադարից հետո վերադառնում է հեռուստաէկրաններ: Դերասանը մեզ հետ զրույցում պատմել է հեռուստատեսային առաջարկների բացակայության, իր կերպարի և նկարահանումների ընթացքի մասին:

«Թունավոր սեր»-ը Նիկոլայի մասնակցությամբ առաջին 25 մասանոց հեռուստասերիալն է լինելու: Մինչ այս դերասանը մեծամասամբ ընդգրկված է եղել երկարաժամկետ սերիալներում. «Ես միայն ողջունում եմ 25 մասանոց հեռուստաֆիլմերի գաղափարը, որը հատկապես վերջերս առավել մեծ տարածում է գտել հայկական կինոինդուստրիայում: Կարծում եմ՝ դա առավել հետաքրքիր է հատկապես հեռուստադիտողի համար, քանի որ չի ձանձրացնում: Բայց ասածս այն չէ, որ ավելի երկարաժամկետ սերիալները անորակ են կամ ձանձրալի: Ես ինքս հաճախ եմ նկարահանվել այդպիսի սերիալներում»:

13413189_1721564134779153_1884032493_n

Հեռուստատեսային դադարը Նիկոլայի համար պայմանավորված է եղել առաջարկների բացակայությամբ. «Ես անկեղծ մարդ եմ ու չեմ ստի հիմա՝ ասելով, որ առաջարկներ կային, բայց ես չէի կարողանում ընտրել: Նույնիսկ ինքս եմ երբեմն մոտեցում ցույց տվել, որ այս պահին չունեմ զբաղվածություն և կուզենայի ինչ-որ թիմում ներգրավված լինել»,- նշում է դերասանն ու հավելում` ինքը կոնֆլիկտային մարդ չէ ու մարդկային փոխհարաբերություններում խնդիրներ չի առաջացնում. «2009 թվականից եղել եմ էկրաններին և նորմալ եմ վերաբերվում, որ պահ է գալիս, երբ ուզում ես ոչ մի տեղ չերևալ: Հետո էլ այդ ընթացքում գալիս են նոր մարդիկ, որոնց ևս պետք է դրսևորվելու հնարավորություն տալ»:

Թեև Նիկոլայը նորմալ է վերաբերվում, երբ դերասանները ժամանակ առ ժամանակ դադար են վերցնում, բայց իր դեպքում դա կարծես մի քիչ շատ երկարեց. «Իմ երկար դադարն արդեն սկսել էր ազդել իմ առողջության վրա, որովհետև եթե դու սիրում ես քո մասնագիտությունն ու միշտ զբաղվածություն ես ունեցել, այդ պարապ վիճակն արդեն սկսում է ճնշել: Դադարի ընթացքում նոր զգում ես, թե ինչքան հագեցած է եղել քո առօրյան, ու միանգամից այդ դատարկությունը սկսում է վատ անդրադառնալ քեզ վրա»:

15258964_296520847415380_4013892288118784000_n

Նիկոլայը սերիալի առանցքային կերպարներից է, որի շուրջ էլ ծավալվում են իրադարձությունները: Նա ֆիլմում ներկա է հիմնականում հիշողությունների շնորհիվ. «Մարմնավորում եմ Գոգային, ով ապագա բժիշկ է: Հետաքրքրություն, անսպասելիություն ու ինտրիգ կա կերպարում, բայց փակագծերը շատ բացել չեմ ուզի այս պահին: Փորձել եմ հասկանալ իմ կերպարի բնավորությունը, նախասիրություններն ու արել եմ մաքսիմալը՝ այն լավագույնս տեղ հասցնելու համար»:

Իրական Նիկոլայի հետ քիչ աղերսներ ունի սերիալային կերպարը. «Ես ու Գոգան գրեթե ոչնչով նման չենք իրար: Իմ խաղացած դերերից կան որոշ կերպարներ, որոնք նման են իմ տեսակին, բայց ոչ այս մեկը: Ես միշտ ստացել եմ այնպիսի առաջարկներ, որոնք իմ սրտով են եղել: Իհարկե, սկզբունքներ ունեմ դերերի ընտրության հարցում, ու կլինեն կարպարներ, որոնք չեմ խաղա: Ի դեպ, ռեժիսոր Հարութ Շատյանի հետ սա մեր առաջին համագործակցությունն էր, ինչը, կարող եմ ասել, որ ստացվել է»:

14027324_184521331960604_1714692851_n

Հարցին՝ արդյո՞ք դժվար չէ այդ դեպքում կերպարը բացել այնպես, որ հանդիսատեսը ճիշտ հասկանա մեսիջները, Նիկոլայը պատասխանեց. «Իրոք ոչ: Կասեմ, որ եթե անգամ դժվար է լինում, ինձ համար ավելի հաճելի է: Հեռուստադիտողներին ես ավելի հայտնի եմ բացասական ու նեգատիվ կերպարներով, ով անկառավարելի ու անենթակա է: Դա՝ որպես խաղարկային դրվագ, ավելի էմոցիոնալ է դարձնում իմ խաղը»:

Խաղընկերների հետ փոխհարաբերությունների մասին խոսելիս Նիկոլայը կարևորեց. «Հիմնական խաղընկերս Թամար Գևորգյանն է, ում հետ շատ հաճույքով եմ աշխատել: Դերասանի համար շատ կարևոր է հասկացված լինելը խաղընկերոջ կողմից: Իսկ Թամարայի դեպքում դա ստացվել է: Նրա հետ չեմ պարփակվել, հակառակը, սցենարի շրջանակներում մնալով՝ հաճախ իմպրովիզներ ենք արել: Շնորհակալ եմ միասին աշխատանքի համար, իրապես կար ստեղծագործական խումբ, մթնոլորտ, գործին լուրջ ու անհատական մոտեցում: Այդքանը տեսնելով՝ ներքուստ դու էլ ես պատասխանատվությունը վերցնում, որ գործն ավելի լուրջ անենք: Ես ինձ շատ լավ էի զգում նկարահանման հրապարկում: Ինչ-որ ասելիք կար, որն այս ընթացքում կուտակվել էր, ու շնորհակալ եմ, որ կարողացա այս հեռուստասերիալի միջոցով արտահայտել»,- եզրափակեց դերասանը:

13385622_995665057196422_1129968490_n13774306_1730417327207074_231576449_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել