Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի բռնապետ Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող քաղաքական ուժերը:

Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններին մասնակցել է 59 354 840 ընտրող: Ըստ մասնակցածների 99,16 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքների՝ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 52.55 տոկոսը: Հիշեցնեմ, որ Էրդողանին սատարում էր ոչ միայն նրա հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլև Դևլեթ Բահչելիի ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ռազմական թևն է համարվում ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Էրդողանի հաղթանակն առաջին փուլով հնարավոր էր միայն, եթե Բահչելին չէր մասնակցում ընտրություններին:

Ընտրողների ձայների 30.67 տոկոսը ստանալով՝ երկրորդ տեղում է հայտնվել քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի ներկայացուցիչ է Մուհարեմ Ինջեն:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը՝ 8.36 տոկոսով: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է նորաստեղծ «Իյի» կուսակցությունից առաջադրված Մերալ Աքշեները՝ 7.33 տոկոս ձայնով: Մյուս երկու թեկնածուները՝ Թեմել Քարամոլաօղլուն՝ «Սաադեթ» կուսակցությունից, և հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը՝ «Վաթան» կուսակցությունից, երկուսով ստացել են մեկ տոկոսից մի փոքր ավել ձայներ:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ևս հաղթանակ է տարել Էրդողանի և Բահչելիի կողմից ձևավորված «Ժողովրդի միություն» դաշինքը («Արդարություն և զարգացում» կուսակցություն + «Ազգայնական շարժում» կուսակցություն), որը ստացել է ընտրողների ձայների 53.62 տոկոսը: Նրանց հաջորդում է «Ազգ» միությունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն»+ «Իյի» կուսակցություն + «Սաադեթ» կուսակցություն)՝ 34.04 տոկոս ձայնով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 11.62 տոկոս ձայնով:

Այո՛, Թուրքիայի բռնապետն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախնական արդյունքները վերլուծելիս կարելի է համոզիչ ասել, որ առանց ազգայնական-ահաբեկչականների ձայների Էրդողանը պարտություն կկրեր ընտրություններում: Իսկ այդ ամենը Բահչելին և իր կողմկանկիցները շատ լավ հասկանում են, և բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում «Ազգայնական շարժում կուսակցությունն» ու «Գորշ գայլերն» ավելի ճոխ ներկայացված լինեն:

Հիշեցնեմ, որ 2015 թ․-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ռեջեփ Էրդողանին չէր հաջողվում երկար ժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն, քանի որ իր հարազատ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 49,41 տոկոսը և ստիպված էր Բահչելիի հետ կոալիցիա կազմել:

Հավելեմ, որ այս ընտրություններում Էրդողանի հարազատ կուսակցությունն ավելի քիչ ձայներ է ստացել՝ 42.49 տոկոս, քան 2015 թ․-ի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ ստացել էր 49,41 տոկոս: 2015 թ․-ի ընտրությունների հետ համեմատ ձայներ են կորցրել նաև Դևլեթ Բահչելին՝ 2015 թ․-ին՝ 11,93 , այժմ՝ 11.13 տոկոս, քեմալականները՝ 2015 թ-ին՝ 25,38, այժմ՝ 22.67 տոկոս: Չնայած նրան, որ Թուրքիայի բռնապետը ջանքեր չխնայեց, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չհաղթահարի անցողիկ 10 տոկոսը և դուրս մնա Մեջլիսից, սակայն Դեմիրթաշին և նրա կուսակիցներին հաջողվեց տխրեցնել Էրդողանին և ստանալ ընտրողների ձայների 11.62 տոկոսը: Շռնդալից հաջողություն արձանագրեց նաև նորաստեղծ «Իյի» կուսակցությունը, որն, առաջին անգամ մասնակցելով ընտրություններին, ստացավ ընտրողների ձայների 10.01 տոկոսը:

Այսպիսով՝ 600 պատգամավորից բաղկացած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կունենա 293 պատգամավոր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 146 պատգամավոր, ազգայնական-ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 67, իսկ «Իյի»-ն՝ 44 պատգամավորներ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել 63 նահանգներում, Մուհարեմ Ինջեն՝ 8-ում (Էդիրնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքկալե, Իզմիր, Այդըն, Մուղլա, Դերսիմ-Թունջելի), Սելահաթին Դեմիրթաշը՝ 10-ում (Իգդիր, Վան, Աղրի, Հակյարի, Դիարբեքիր, Բաթման, Մուշ, Սիիրթ, Մերդին, Շըրնաք):

Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ Թուրքիայի խորհրդարան է անցել նաև հայազգի թեկնածու Կարո Փայլանը: Նրա հարազատ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Դիարբեքիրում լավ արդյունքներ է ցուցադրել և 9 պատգամավոր է ունենալու այդ նահանգից, որոնցից մեկը կլինի մեր հայրենակիցը: Մեջլիսում է հայտնվել նաև ստամբուլաբնակ Մարգար Եսայանը, ով ներկայացնելու է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Հ.Գ.Ընտրությունների օրը թուրքական շատ ԶԼՄ-ներ բազմաթիվ տեղեկություններ էին հաղորդում երկրի տարբեր մասերում և հատկապես արևելյան նահանգների ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին, որոնք, հաշվի առնելով Էրդողանի տոկոսային շատ ցածր հաղթանակը, կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ, անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն, Էրդողանին ձայն էր տալու ընտրողների 48 տոկոսից ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել