Երգչուհի Լիլուն օրերս ներկայացրեց իր նոր՝ «Թույնա» տեսահոլովակը: Այս տեսահոլովակում ներկայանում է իրեն ոչ հատուկ ոճում: BlogNews.am–ի հետ զրույցում Լիլուն մանրամասներ է պատմել տեսահոլովակի, ամերիկյան կյանքի բարդությունների և երաժշտական գործունեության մասին:

«Ամիսներ առաջ Նիկ Էգիբյանն ինձ ուղարկեց այս երգը, որ լսեմ: Շատ հավանեցի: Ասաց, որ երգն ինձ նվեր է անում:  Պարզվեց, որ նա և Վլադիմիր Պողոսյանը համատեղ աշխատանքի ընթացքում նման գեղեցիկ երգ են ստեղծել և որոշել են ինձ նվիրել: Ես շատ ուրախացա և որոշեցի, որ պետք է այն տեսահոլովակ ունենա»,- նշում է երգչուհին:

Տեսահոլովակը ստացվել է ավելի թեթև ոճում և բավականին գունեղ, իսկ ռեժիսորն է Գևորգ Ճուգուրյանը. «Ամբողջ ոճով զբաղվել է Կարեն Մադաթյանը, ում հետ արդեն երկրորդ անգամ եմ համագործակցում: Այս տեսահոլովակում ամեն ինչ նա է ընտրել, գլխավոր հերոսն էլ նրա ընկերն է, ում առաջարկեցինք նկարահանվել, քանի որ կերպարով համապատասխան էր»:

Լիլուն այս տեսահոլովակում իրեն ոչ հատուկ ոճում է, ինչն իր համար ևս արտասովոր է. «Երբ ամբողջական կերպարս ստացանք, հասկացանք, որ համապատասխանում է ինձ: Ես, իհարկե, չեմ սիրում նման կտրուկ կերպարանափոխություններ, բայց ժամանակ առ ժամանակ դրանք ցանկալի են: Օրինակ՝ այս տեսահոլովակում չէի կարող ներկայանալ իմ հիմնական կերպարում, այստեղ պետք է ավելի վառ լինեի: Պետք է խոստովանեմ, որ շատ դժվար էր այդ մազերով երկու օր մնալը. դա իրոք ինձ համար տանջանք էր»:

Չնայած տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բայց երաժշտական առումով Լիլուի մոտ բուռն աշխատանքային շրջան է: Այն, որ կարողանում եմ ամեն ինչ հասցնել, մայրիկիս շնորհիվ է, ով շատ է օգնում է որդուս հետ կապված հարցերում: Եթե նա չլինի, ես չեմ կարող ոչ մի բան անել: Նա է խնամում որդուս, որպեսզի ես կարողանում աշխատել: Ես ամսվա մեջ մի քանի օր տրամադրում են նոր տեսահոլովակների, ձայնագրությունների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում եմ տարբեր կորպորատիվ խնջույքների»:

Լիլուն պատրաստվում է ներկայացնել ևս չորս երգ, որոնցից մեկը դուետ է. «Ես պարզապես շնորհակալ եմ այստեղի հայ համայնքին, որ ինձ այսքան ջերմ ընդունեցին, և սիրվեց իմ մասնակցությունը տարբեր առիթներին, երեկույթներին: Այդ միջոցառումների շնորհիվ շաբաթվա իմ գրեթե բոլոր օրերը զբաղված են: Դրանց շնորհիվ է, որ կարողանում եմ վաստակել և իմ սիրած աշխատանքով զբաղվել: Ես չունեմ պրոդյուսեր, իմ աշխատանքներով ինքս եմ զբաղվում: Ունեմ մարդիկ, ովքեր աջակցում են ինձ տեսահոլովակի նկարահանումների հարցում՝ իմ մտերիմները, ընկերուհիներս, ընտանիքս, չունեմ մարդ, ով հովանավորում է: Բայց այնպես էլ չէ, որ կոպեկ-կոպեկ հավաքում եմ երեխայիս հաշվին, որ տեսահոլովակ նկարահանեմ: Կարողանում եմ այնպես անել, որ իմ աշխատածից ինչ-որ մի մաս տրամադրեմ տեսահոլովակ նկարահանելուն: Իհարկե, շատ դժվար է, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքի մեջ եմ:

Սկզբի ութ ամիսն ինձ համար շատ բարդ էր, չեմ կարող նկարագրել՝ ինչ բարդություններ կային: Մտավախություն ունեի, որ գուցե ոչինչ չկարողանամ անել, բայց, փառք Աստծո, ոտքի կանգնեցի: Ինձ ասում էին՝ դու այստեղ չես կարող քո երգով առաջ գնալ, այստեղ վատ է լինելու, այստեղ քեզ ոչ ոք չի կանչելու խնջույքների... Փառք Աստծո, անցավ ժամանակ, և մարդիկ սկսեցին ճանաչել և սիրել իմ երգերը: Ես փորձում եմ գտնել ոսկե միջինը, աշխատում եմ ներկայացնել այնպիսի երգեր, որոնք դուր կգան նաև Հայաստանում բնակվողներին»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել