2018թ. հունվարի 8-ին երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

Քրեական գործի շրջանակներում Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում՝ 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել:

Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ Արեգ Դավթյանին և ուղևոր Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Այս մասին տեղեկանում եք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել