«...Եթե վերանում ենք զգայականությունից, ապա պետք է արձանագրենք՝ կապ չունի, թե որ ոլորտից ու որ կառույցից է կատարվել պետական բյուջեի յուրացումը: Վերաբերմունքը պետք է նույնը լինի նաև տրանսպորտի նախարարության համակարգից, սպորտի բնագավառից կամ պետական գույքի կառավարման ասպարեզում կատարված յուրացումների դեպքում: Էությունը նույնն է՝ գողացվել ու յուրացվել է պետական փող, որը բոլորինս է, հասարակության յուրաքանչյուր անդամինն է ու հասարակությանը՝ որպես ամբողջականություն: Հետևաբար, ավելի կամ պակաս զգայականությամբ հասարակության վերաբերմունքը պետք է նույնը լինի ցանկացած, անգամ երկրորդական թվացող ոլորտում պետական յուրացման նկատմամբ: Որովհետև պետական համակարգում չկան առաջնային ու երկրորդական ոլորտներ, պետական փողը չի կարող լինել յուրացման ենթակա կամ ոչ այնքան:
Պետական փողի յուրացումը քրեորեն պատժելի հանցագործություն է, հասարակության ու պետության դեմ ուղղված հանցագործություն: Հետևաբար, նոր իշխանությունը պետք է հայտնաբերի բոլոր ոլորտների ու բոլոր համակարգերի «մանվելներին», որոնք տասնյակներով, եթե ոչ հարյուրներով են:Խնդիրն այս համատեքստում դիտարկելիս ամենաառաջին ծագող հարցն այն է, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել պետական միջոցների չարաշահման ու յուրացման առնչությամբ: Ստույգ ու անսխալ գնահատականներ տալ, բնականաբար, հնարավոր չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե մեկ կամ անգամ մի քանի, այլ առնվազն երկու տասնամյակ գոյություն ունեցած ու գործած ստվերային սխեմաների, մութ մեխանիզմների հետ, որոնց հանրագումարում թալանվել են հասարակությունն ու պետությունը: Թալանվել են մեթոդաբար ու հետևողականորեն: Բայց որքան էլ դժվար է որոշելը, առկա են որոշակի ցուցանիշներ, շատ կոնկրետ թվեր, որոնք գոնե մոտավոր պատկերացում կարող են տալ տարիների ընթացքում տեղի ունեցած պետական թալանի մասին:
Նման գնահատումները բազմաթիվ են, բայց հիշենք դրանցից ընդամենը երկուսը. 2013 թվականին Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվականի զեկույցը, այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ, այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ռիսկային է գնահատվել կամ որ նույնն է՝ մսխվել է բյուջետային ծախսերի 70 տոկոսը:
...2012 թվականի պետական բյուջեի ծախսային հատվածը ավելի քան մեկ տրիլիոն դրամ էր: Դրա 70 տոկոսը կազմում է շուրջ 700 միլիարդ դրամ կամ մոտ 2 միլիարդ դոլար: Իսկ որքա՞ն են կազմել բյուջետային ծախսերի մսխումները դրան նախորդող ու հաջորդող տարիներին: Իշխան Զաքարյանը կամ որևէ այլ պաշտոնյա այլևս այդ թեմայով որևէ զեկույց ու թիվ չհրապարակեցին: Բայց եթե հիմք ընդունենք միջինացված ցուցանիշները և համարենք, որ մսխվել է բյուջետային ծախսերի ոչ թե 70, այլ «համեստ» 50 տոկոսը, ապա խոսքը կարող է վերաբերվել տարեկան 1.5 միլիարդ դոլարի մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: