Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:

«Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքները, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը:

Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը: Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալառուն իրանական «Սանիր» ընկերությունն է: Ծրագրի արժեքը կազմում է 107,9 մլն եվրո:

Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնելու 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնելու էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակելու է հետևողական լինել, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացվեն որակյալ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել