Երեկ գրառում էի կատարել, որտեղ անդրադարձել էի երկրի ներսում առկա ցուցադրական, բայց բովանդակային առումով բովանդակազուրկ (առանձին կանդրադառնամ բովանդակազուրկ լինելուն) շոուներին: Բնականաբար, գրառմանս խնդրո առարկան այդ շոուներն ու դրա իրականացնողները չէին, այլ դրա արդյունքում անտեսվող, բայց մեր պետության համար գերկարևոր հարցը` արցախյան հակամարտության շուրջ առկա լարվածությունը: Գրառմանս մեջ մի օրինակ էի գրել, որտեղ «Էլիփս» ընկերության աշխատակցի փոխանցած տեղեկատվությունը բառացի արտատպել էի, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: 

Անցնենք հերթով։ 

Նախ՝ Ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որում ասվում էր, թե «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամի հափշտակություն են արել: Հետո պարզվեց, որ ԱԱԾ-ի փոխարեն Ոստիկանության դիմակավորված անձինք էին մտել կազմակերպություն, իսկ ամենավերջում A1+ կայքը հրապարակեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենի հերքումն առ այն, որ իրենք ոչինչ էլ չեն յուրացրել: 
Ուրեմն՝ Ոստիկանության հայտարարությունից հետո մի խումբ նախկին ընդդիմադիր, ներկայումս՝ խիստ իշխանական ակտիվիստներ (սրա մասին էլ առանձին կձոնեմ շուտով) մասսայական «ուրախության ճիչեր» արձակող գրառումներ և մեկնաբանություններ սկսեցին անել, թե իբր «Նարեկ Սամսոնյանը՝ այդ հակահեղափոխականը, իշխանությունների ստրուկը, վերլուծողը վերլուծել է, որ ոչինչ չեն հայտնաբերել, գրել է ԱԱԾ-ն, բայց Ոստիկանությունն է եղել, օ՜, ինչպիսի դաժան իրականություն, այդ ստորը խեղաթյուրում է փաստերը»: Փաստերն ու բովանդակային կառուցվածքը խեղաթյուրելու` իրենց բնորոշ անսխալականության զգացումով տոգորված` այլևս թունդ իշխանական ակտիվիստների այս խմբին միայն ամենայն բարիք եմ մաղթում, իսկ նրանց անբովանդակ և 15-17 տարեկան հայ դեռահասներին հատուկ գավառական շուստրիության դրսևորումներին ամենայն հանգստությամբ եմ վերաբերվում: 

Հիմա բանը, տղեկներ և աղջիկներ ջան, բա էսօր չիմացաք, որ ադրբեջանական ԶՈՒ-երում ամերիկյան ուղղաթիռներ են հայտնվել, որի շուրջ «աղմուկ» բարձրացնելը մի քանի անգամ ավելի կարևոր և օգտակար է, քան թե «ղզղնԱԱԾ» ստատուսներ գրելն ի պաշտպանություն պաշտելի իշխանությունների: Ձեր ողջ ուժերը ներդրեք այս կարևորագույն խնդրի շուրջ միջազգային հանրությունից պատասխաններ ստանալու գործին: Հարցրեք ձեր շատ սիրելի և կոռուպցիայից կիլոմետրերով «հեռու» Մովսես Հակոբյանի քրոջ որդի ԱԽՔ-ին, թե բա՝ հասկացանք, որ ռուսների՝ Սիրիայում արած հանցագործությունները շատ են դուրդ եկել, բայց, այ մեր Մոսու քրոջ որդի, բա էդ ադրբեջանական ԶՈւ-երում հայտնված ամերիկյան ուղղաթիռների մասին ի՞նչ կարծիքի ես: Էս գործն արեք առավել ոգևորությամբ և ակտիվությամբ: Հավատացեք, սա ավելի կարևոր նշանակություն ունի, քան իմ գրառումներում տառակերություն ու շոուներին թամաշա անելը: 

Հ.Գ. Ի դեպ՝ երեկ մեր Նոր Հայաստանի իշխանական ակտիվիստները, մեկը մյուսին հերթ չտալով, ասում էին` «մասկի շոուն պետքական բան ա», բայց ձեռի հետ էլ ինձ մեղադրում էին, որ շոուին ասում եմ շոու: Հա մեկ էլ` «Սեքյուրիթի Դրիմի» տնօրենը երեկ հերքեց, որ յուրացում են արել ու չնայած նրան, որ խնդրո առարկա գրառման մեջ էդ ընդամենը էմպիրիկ օրինակ էր և ոչ ավելին, այնուամենայնիվ, հետաքրքիր ա՝ հորքուրի գանձերն ի՞նչ կարծիքի են դրա մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել