«Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման կարևորագույն գործոններից մեկը: Կարևոր է, որ վեհաժողովի գործողութունները, ինչպես և նախորդ տարիներին, կրեն գործնական բնույթ»,- այս մասին նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով այսօր Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Նրա խոսքով՝  Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այդ գաղափարին և պնդում, որ ՍԾՏՀ ԽՎ նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը, խուսափելով անհարկի քաղաքականացումից:

ԱԺ հանրային կապերի վարչությունից ներկայացնում են Շարմազանովի ելույթը, որտեղ ասված է. «Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը՝ որպես նախնական պայման տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում:

Մենք դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին:

Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետք է մնա բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՍԾՏՀ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է մեր հարևանների կողմից միջազգային կոնվենցիաների սկզբունքների խախտման փաստը: Շրջափակումը խոչընդոտում է Հայաստանին ապահովել իր հնարավորությունների բոլոր մրցակցային առավելությունները՝ հավասար պայմաններում:

Ինչպես ձեզ հայտնի է, ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջադրեց չարդարացված նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն և տառին:

Հրաժարումը տնտեսական համագործակցությունից չի կարող ծառայել որպես գործիք քաղաքական խնդիրների լուծման հարցում, ընդհակառակը, դա կարող է հետաձգել առկա խնդիրների քաղաքական լուծումը: Քաղաքական հարցերի լուծումը հաճախ գտնվում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ապահովմամբ՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության բարենպաստ պայմաններ ստեղծող գործիք:

Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացի կարելի է հասնել որոշումների կայացման՝ ի շահ բոլոր կողմերի, փոխադարձ շահի և հավասարության սկզբունքների պահպանմամբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել