Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Յանս» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուզարկության դեպքից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։

Նկատենք, որ «Յանս» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանին, սակայն ձևակերպված է նրա կնոջ անունով։

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ, օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։

Նշվում է, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել