Հունիսի 25-ից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում մեկնարկում է 25 մասից բաղկացած նոր  մելոդրամա՝ «Թունավոր սեր» անունով: BlogNews.am-ն իր ընթեցողներին պատմել է դինամիկ ու հետաքրքիր սյուժեի մանրամասները՝ ընդգծելով, որ կինոժապավենի հիմքում անկեղծ սերն է, որն ունակ է հաղթելու ամենքին ու ամեն ինչին: Այս անգամ մեր զրուցակիցը սերիալի առանցքային դերակատարներից Լուիզա Ներսիսյանն է, ով պատմել է իր կերպարի, նկարահանումների ընթացքի ու առաջացած բարդությունները հաղթահարելու մասին:

«Մարմնավորում եմ Էլլա անունով կնոջ, ով ունի աղջիկ և ուզում է հաջող ամուսնացնել նրան: Էլլայի արժեքային համակարգը միայն փողով է չափվում, այդ պատճառով էլ ձգտում է միմիայն հարստության: Ուզում է՝ աղջիկն ապահով ընտանիք հարս գնա՝ չգիտակցելով, որ իրական երջանկությունն ամենևին էլ դրա մեջ չէ»,- նշում է դերասանուհին:

Լուիզան նախորդ՝ «Գնված երջանկություն» հեռուստասերիալում ևս մարմնավորում էր մի կերպարի, ով ևս ամուսնությունը դիտարկում էր որպես հաջող գործարք: Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ ինչպես է կարողացել խաղալ դերը, որպեսզի կերպարային գծերը միմյանց չկրկնեն. «Քանի որ երկու կերպարն էլ տեսակով նույնն են, միակ տարբերությունը երևի թե այն է, որ այստեղ ունեմ մեկ աղջիկ և չունեմ ամուսին: Դրանով պայմանավորված՝ առաջադրված հանգամանքները փոխվում են կերպարիս մոտեցման համար: Ներքին զգացողությամբ երբ հավատում ես, որ դու չունես տղա ու ունես ընդամենը մեկ աղջիկ, արդեն փոխվում է խնդիրը: Ես հիմա  ոչ թե ինչ-որ մեծահարուստի կին եմ, այլ մի կին, ով ձգտում է լինել մեծահարուստի խնամի: Ինձ համար կերպարային նմանություն չի լինում»,- ասում է Լուիզան և հավելում, որ իր դստերը հեռուստասերիալում այս անգամ մարմնավորում է Մերի Հակոբյանը:

IMG_5091 copy

Յուրաքանչյուր աշխատանք դերասանին տալիս է զբաղվածություն՝ ասում է Լուիզան: Նրա կարծիքով՝ չափազանց կարևոր է, թե դու ինքդ ինչպես ես վերաբերվում քո մասնագիտությանը. «Միշտ հեշտ է մեղքը գցել ուրիշի ուսերին: Ամեն անգամ նոր աշխատանք սկսելիս ես սկսում եմ զրոյից ու աշխատոմ եմ նույն էնտուզիազմով ու ոգևորությամբ։ Սերիալ, մանրապատում, տեսահոլովակ թե գեղարվեստական ֆիլմ՝ էական չէ: Ես ընտրել իմ ճանապարհն ու չեմ ուզում երբեք կորցնել այդ ոգևորությունը, որ ես այս մասնագիտության կրողն եմ: Երբ այն անհետանա ու դադարի ոգևորել ինձ, ես կփոխեմ իմ մասնագիտությունը»:

Խոսելով նկարահանումների ընթացքի մասին՝ Լուիզան շեշտում է, որ այն չի կարող վատ լինել մի պարզ պատճառով՝ բոլորն ընկերներ են ու փորձում են ծանր աշխատանքը նաև հումորի ու կատակների միջոցով փոքր-ինչ թեթևացնել. «Բոլորին թվում է, որ շատ հեշտ է։ Միանգամից պատրաստի սերիալը նայելով դժվար է պատկերացնել այն ընթացքը, որ անցնում է ֆիլմը նախքան էկրաններին հայտնվելը: Այդ ընթացքում ինչքան էներգիա ու նյարդեր ես քայքայում, տեխնիկական խնդիրներ ես հաղթահարում, գրեթե ոչ ոք չի պատկերացնում»:

IMG_1726

Մելոդրաման առանձնահատուկ է նաև նրանով, որ պրոֆեսիոնալ դերասանների կողքին ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև  մի շարք սկսնակ դերասաններ: Լուիզան այս հանգամանքին նորմալ է վերաբերվում. «Սկսնակ դերասանների հետ ընթացքում փորձում ենք ամեն ինչ շտկելով առաջ գնալ: Միանգամից հանպատրաստի չէինք մտնում կադր, միասին հասկանում ենք խնդիրը, գալիս ընդհանուր հայտարարի: Շատ կարևոր է ամբողջությամբ չհեnվել սցենարի վրա, քանի որ բառ ու նախադասություններ կան, որոնք քո տեսակը չի կարողանում ճիշտ արտասանել: Պետք է աշխատանք տանել ու այն դարձնել քոնը, որպեսզի օրգանական լինես կադրում: Այդպես ավելի համոզիչ կլինես հանդիսատեսի համար»:

Լուիզան դժվարանում է գնահատական տալ՝ ինչպես է ստացվել ամբողջական սերիալը. «Համենայն դեպս, կարող եմ ասել, որ այն ժամանակն ու տեխնիկական խնդիրները, որոնք եղել են, կարծում եմ` արել ենք առավելագույնը: Եթե ունենայինք ավելի շատ ժամանակ ու ավելի շատ պատրաստվելու հնարավորություն, վստահ եմ, որ սա մեր ամենավերջին նիշը չէր լինի, սրանից ավելի լավն էլ կարող էինք անել»,- եզրափակեց դերասանուհին:

IMG_5085 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել