Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և 500 հազար դրամ գրավի դիմաց փոխեց Լամբարյանի խափանման միջոցը։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին վճարման անդորրագիրը դատարան կներկայացվի, և Լամբարյանն ազատ կարձակվի։

Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 9-ը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել