Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ևս մեկ փաստաբան կպաշտպանի: Խոսքը փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է, ով հանրությանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, այդ թվում 2015թ-ին Նորք-Մարածում վնասազերծված հանցավոր խմբի գործով:

Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գործում ներգրավվել է Գրիգորյանի հարազատների հորդորով: Նա հայտնեց, որ առաջիկայում մամլո ասուլիս կտա և կպատասխանի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նշենք, որ մինչ այս, Գրիգորյանի շահերը ներկայացնում էին 4 այլ փաստաբաններ` Կարեն Քամալյանը, Արայիկ Ալվանյանը, Արսեն Մկրչյանը և Գուրգեն Գրիգորյանը: Դիտարկմանը, թե 5 պաշտպանը շատ չէ՞գործի համար, Բաղդասարյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե քանի փաստաբան իրեն պաշտպանի, դա մեղադրյալի իրավունքն է: Հաշվի առնելով քրեական գործի ծավալներն ու բարդությունը, կարծում եմ նորմալ է»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել