168.am-ը գրոմ է
Ամուսնությունը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, ներառյալ ինսուլտի զարգացման, ինչպես նաեւ վաղաժամ մահվան ռիսկի նվազմանը: Այս եզրակացությանն են եկել Քիլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է Heart հանդեսում: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են 34 խոշոր ուսումնասիրություններ, որոնք անցկացվել են 1963-2015 թվականներին եւ նվիրված են եղել ընտանեկան վիճակի ու առողջության միջեւ կապ գտնելուն: Ընտրված կամավորների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2 մլն մարդ, որոնք եղել են 42-ից մինչեւ 77 տարեկան:

Պարզվել է, որ նրանք, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, բաժանվել կամ այրիացել են, ավելի հաճախ են մահացել սրտի իշեմիկ հիվանդության կամ ինսուլտի պատճառով (մահվան ռիսկը բարձրացել է 42 եւ 55 տոկոսով՝ համապատասխանաբար): Բաժանությունը նպաստել է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության աճին միջին հաշվով 25 տոկոսով, իսկ ինսուլտինը՝ 16 տոկոսով:

Այս արդյունքը բացատրվում է նրանով, որ ամուսնացած մարդիկ ավելի շուտ են նկատում առողջության հետ կապված խնդիրները եւ վաղօրոք դիմում են բժշկի օգնությանը, ավելի լավ են պահպանում դեղորայքի ընդունումը, ավելի ապահովված են եւ ունեն ամուր սոցիալական կապեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել