ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման առանցքային թեման «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրներն են եղել։

Այս հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը:

Քննարկվել են ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ:

Կողմերը հիմնականում համակարծիք են եղել ծրագրի հետագա իրագործման շուրջ։ Նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։

Քննարկվել են նաև Սիսիան-Քաջարան հատվածում մեծածավալ ենթակառուցվածքային շինարարություն իրականացնելու ընթացքում պետություն - մասնավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Շեյն Ռոզենթալը նշել է, որ եկող ամսվա սկզբին ԱԶԲ-ի կողմից Հայաստան է ժամանելու պետական-մասնավոր գործակցության հարցերով միջազգային փորձագետ, ում հետ հնարավոր կլինի քննարկել համագործակցության այս ձևաչափով իրականացվելիք բոլոր ծրագրերի մանրամասները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել