«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ:

Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նույնպես հիշեցրեց՝ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, բայց այս նախագծին կքվեարկեն ձեռնպահ:

Ըստ նրա՝ նախագիծը թեև որոշակի փոփոխություն է կրել, բայց պարտադիր բաղադրիչը մնում է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ նախաքայլ պետք է կատարվի, որից հետո քննարկումները շարունակվելու են: «Պարտադիր կուտակայինն իր էջով փակված չէ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել