operativ.am-ը գրում է
Երևանի Կարապի լճի հարակից տարածքում հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի փառատոնը կրում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագիրը: Մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսները նաև հնարավորություն կունենան հանդիպել տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների և կինոգործիչների հետ: Միաժամանակ, Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:

Հիշեցնենք, որ փառատոնն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել