77 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց: Քվեարկության արդյունքները ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: 

Հիշեցնենք, որ  այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր, ինչպես նաև պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Ազատությունից զրկելու միջնորդությունը բավարարելու քվեարկությանը նախորդել էր քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկությունը. 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարել էր նաև այդ միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել էր իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել