Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի վարույթ:

Քրեական գործով Մ. Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի հասցեներում կատարված խուզարկություններով եւ հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման մասին վկայող բավարար տվյալների հիման վրա նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Բացի այդ, նույն օրը վարույթ է ընդունվել Մ. Գրիգորյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված եւս երկու գործ, որոնք նույնպես միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործին:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ եւ ՀՀ ԱԱԾ քննիչներից կազմվել է քննչական խումբ:

ՀՀ ԱԱԾ-ի եւ ՀՀ ոստիկանության հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կապահովվի անհրաժեշտ իրազեկում:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել