168.am-ը գրում է․

Ֆրանսիայի երեք խոշորագույն հեռուստատեսային ընկերություններ՝ France Televisions-ը, TF1-ը եւ M6-ը, կստեղծեն հոսքային տեսանյութերի նոր ծառայություն, որը պետք է դառնա Netflix ամերիկյան ծառայության մրցակիցը: Այդ մասին ասված է հեռուստաալիքների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 15-ին:

Ինչպես նշվում է, խոսքը OTT (Over the Top) տեխնոլոգիայով աշխատող ծառայության մասին է, որը Համացանցի միջոցով, առանց կապի օպերատորի հետ ուղղակի շփման, ծառայությունների մատակարարից տեսաազդանշանների առաքում է ապահովում հեռուստադիտողի սարքին: Ֆրանսիական նոր ծառայությունը կունենա SALTO անվանումը:

«SALTO-ի շնորհիվ France Televisions, M6 եւ TF1 ընկերությունները մտադիր են հավակնոտ պատասխան առաջարկել հանրության նոր սպասումներին՝ ապահովելով որակյալ, ինովացիոն ու դյուրին մուտքը ծառայություն»,-նշվում է հայտարարության մեջ: «Այդ հեռուստատեսային հարթակը թույլ կտա լավագույն հեռուստածրագրեր դիտել ինչպես ուղիղ եթերով, այնպես էլ տեսագրությամբ, ինչպես նաեւ իր համար բացահայտել միանգամայն նոր հեռուստանախագծեր»,-նշում են հեռուստատեսության ոլորտի մասնագետները:

SALTO-ն խոստանում Է հեռուստադիտողներին տրամադրել հեռուստատեսային արտադրանքի լայն ընտրանի. լրատվական թողարկումներ, հատուկ ռեպորտաժներ, մարզական հեռարձակումներ, ժամանցային հաղորդումներ, ֆրանսիական եւ ամերիկյան հեռուստասերիալներ եւ վավերագրական ու գեղարվեստական կինո:

SALTO-ի ստեղծումը դարձել է ամերիկյան Netflix ծառայության լսարանի սրընթաց աճի պատասխանը, որը Ֆրանսիայում չորս տարվա աշխատանքի ընթացքում հավաքել է արդեն 3,5 մլն բաժանորդ: Liberation թերթի տվյալներով, Netflix-ի ֆրանսիական լսարանն ամսական ավելանում է 10 հազարով, եւ նման տեմպերով ամերիկյան ծառայությունն արդեն շուտով կարող է դառնալ երկրում վճարովի TV-ի խոշորագույն հարթակը, առաջ անցնելով ներկայիս առաջատարից՝ Canal-plus մալուխային ցանցից, որը ներկայում ունի 4,9 մլն բաժանորդ:

1997 թվականին հիմնադրված Netflix ամերիկյան ժամանցային ծառայությունը հոսքային տեսանյութերի առաքման ծառայություններ էտրամադրում Համացանցի միջոցով: Ներկա դրությամբ ցանցը հեռարձակում է իրականացնում աշխարհի ավելի քան 190 երկրների տարածքում եւ խոշորագույնն է շուկայում:

2013 թվականից Netflix-ն զբաղվում Է սեփական սերիալների արտադրությամբ: 2017 թվականի ամռանն ընկերությունը հայտարարեց, որ աշխարհում իր բաժանորդների թիվը գերազանցել է 100 միլիոնը: 2018 թվականի սկզբին Netflix-ի կապիտալիզացիան առաջին անգամ կազմել է ավելի քան 100 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել