Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։

Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։ Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)։ 

Նոր ընթացակարգը գործելու է հունիսի 19-ից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել