Armenpress.am-ը գրում է.

Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաև գյուղատնտեսության նախարարությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են։

Հիշեցնենք, որ կաթնասունների 54 տեսակ և թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլոզով վարակման վտանգի: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները և այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլոզով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Առողջապահական գերատեսչությունից նշել են, որ վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ և կաթնամթերք օգտագործելու հետևանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետևաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի և կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:

«Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաև վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն»,- ասվում է հայտարարության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել