Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վճռաբեկ դատարանում ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատական նիստում հրապարակվեց նրա պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:

Վճռաբեկը որոշեց նաև փոխել Բաբայանի կալանքը և ազատել նրան՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորությունը: Գործով անցնող Սանասար Գաբրիելյանը ևս ազատվեց կալանքից:

Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ էր հանդես եկել Ծառուկյան խմբակցության 12 պատգամավոր: Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը , Իվետա Տոնոյանը և Արթուր Մանուկյանը :

Ավելի վաղ, անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Նա ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Սանասար Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ,նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել