Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են ներել անհույս ճանաչված պարտքերի տույժերն ու տուգանքները։ Ըստ նախնական գնահատականների՝ խոսքը գնում է մոտ 12 միլիարդ դրամի մասին։ Թվում է, թե ամեն ինչ սքանչելի է, ու ճակատ պաչելու բան են ուզում անել, բայց դա ամենևին այդպես չէ։ Ընդհանրապես այդպես չէ, ու ես բացատրեմ, թե ինչու։

Ուրեմն՝ պլանավորվում է, որ բանկերն այդ վնասները ձևակերպելու են որպես կորուստ ու փոխարենը շահութահարկ ավելի քիչ են մուծելու։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով պետբյուջե է մուտք լինելու մոտ 25 միլիոն դոլար ավելի քիչ գումար, որը պետք է բանկերը վճարեին, եթե իրենց վրայից անհույս ճանաչված հարկերի տույժեր գանձելու բեռը պետությունը չկոմպենսացներ նման հարկային արտոնությամբ։

Հիշենք նաև, որ մոտ 13 միլիարդ դրամ էլ պատրաստվում են ջրել՝ արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած տուգանքները չեղարկելու հաշվին։ Այսինքն՝ ևս մոտավորապես 25 միլիոն դոլար տրվում է քամուն՝ առանց որևէ ռացիոնալ հիմնավորման ու մոնիթորինգի, որովհետև դամբուլին էլ հասկանալի է, որ չմուծված տուգանքներ այնպես չէ, որ միայն աղքատներն ու չքավորներն ունեին։

Պետք է արձանագրենք, որ ցանկացած դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տեղ հավատարիմ է իր խոստումներին, նամանավանդ այս ընտրակաշառքների մասով։ Եթե հիշում եք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այն քաղաքացիները, ովքեր հանձն կառնեն չքվեարկել ՀՀԿ-ի օգտին՝ հանուն 10000 դրամ ընտրակաշառքի, կստանան 15000-ական դրամ ԵԼՔ-ի հաղթանակի դեպքում։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ ինքը պետական բյուջեի կառավարման լիազորություն կունենա, ու այդ հայտարարությունը թրոլինգ էր, բայց հիմա, երբ ունի, փաստորեն, լավ էլ կիրառում են պետբյուջեի մուտքերի հետ մանիպուլյացիաները՝ որպես ընտրակաշառք։ Ու խիստ հատկանշական է, թե էլեկտորատի որ շերտի վրա են փորձում ներազդել այս ապաշկյարա շռայլությամբ՝ վարկ վերցնող ու չմարողների, խախտում անող ու չմուծողների։

Հիրավի, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Սենց տեմպերով շուտով պետական հիմնարկներն ու պետության նկատմամբ պարտավորությունների ինստիտուտներն էլ կչեղարկվեն, ու կմնան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր ուղիղ հեռարձակումները։

#ԿախարդականՓայտիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել