168.am-ը գրում է.

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Այս մասին ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի՝ հունիսի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում 2018 թվականի հունիսի 12-13-ը կայացել են բանակցություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Մանբիջի վերաբերյալ ավելի վաղ հաստատված ճանապարհային քարտեզի, ինչպես նիաեւ Մանբիջում անվտանգության ապահովման սկզբունքների քննարկման համար:

Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է Մանբիջի վերաբերյալ գործողությունների պլանը, ինչպես նաեւ որոշում է ընդունվել հաստատված պլանը ներկայացնել երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում՝ զինվորական գերատեսչության պաշտոնական էջում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել