168.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անհասկանալի է համարել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անակնկալ հրաժարականը, որի հետ աշխատանքում փոխըմբռնում էր հաստատվել:

Կվիրիկաշվիլին կառավարության ղեկավարի պաշտոնը թողել է հունիսի 13-ին: Իր որոշումը նա հիմնավորել է կառավարող կուսակցությունից զինակիցների, այդ թվում՝ նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հիմնարար հարցերի շուրջ առկա տարաձայնություններով: Նա ասել է, որ խոսքը վերաբերում է իր գլխավորած կառավարության կողմից անցկացված տնտեսական քաղաքականությանը:

«Երեկ պարոն վարչապետը (Կվիրիկաշվիլին) պաշտոնաթող է եղել եւ ասել, թե պետք է կուսակցության նախագահին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին հնարավորություն տալ կազմելու նոր կառավարություն: Ես կարծում եմ, որ այդ գործընթացները պետք է լինեն շատ ավելի հասկանալի, կանխատեսելի եւ հասարակության կողմից ըմբռնելի: Կարծում եմ, որ հասարակության համար պետք է հասկանալի լինի, թե ինչու են պաշտոններից անակնկալ կերպով հեռանում վարչապետները, որոնք հաջողակ են»,-ասել է Մարգվելաշվիլին: Բացի Կվիրիկաշվիլիից, նախագահը նկատի է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիին, որը Վրաստանի վարչապետն է եղել 2013 թվականի նոյեմբերից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը:

«Կարծում եմ, որ պետք է վերջ դրվի այս, ասես, դիմակահանդեսային ժամանակաշրջանին, երբ հանկարծակի վարչապետներ են ընտրվում, ընդ որում՝ հասարակության համար, այդ թվում մեր օտարերկրյա գործընկերների համար, անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է դար արվում»,-ասել է Մարգվելաշվիլին՝ Բաթումում հանդես գալով «Վրաստանի եվրոպական ուղին» 15-րդ միջազգային խորհրդաժողովում: Նախագահի կարծիքով՝ ավելի լավ կլիներ, եթե վերստին վարչապետ դառնար Իվանիշվիլին:

«Եթե մենք խոսում ենք եվրոպական ընտրության եւ եվրոպական պետության մասին, ես ձեզ պարզ ասեմ, որ այնտեղ վարչապետները կառավարող կուսակցությունների առաջնորդներն են: Եվ, համապատասխանաբար, Բիձինա Իվանիշվիլին, որպես կառավարող կուսակցության առաջնորդ, պետք է դառնա վարչապետ»,-հավելել է Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահը դրական է գնահատել Կվիրիկաշվիլիի գործունեությունը վարչապետի պաշտոնում, նշելով, որ նա այն մարդն էր, որի հետ հարմար էր աշխատելը, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել