«Վերջին օրերին ղարաբաղաադրրեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարացի քաղաքագետ Նիկոլա Հայոսը՝ անդրադառնալով համանախագահների այցին Հայաստան և հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նկատելով, որ սովորաբար նման հանդիպումների իրական բովանդակությունը մնում է դռների հետևում: 

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը նշել է, որ ՀՀ իշխանությունների ներկայիս բոլոր ուղերձները համանախագահներին կարող են որոշիչ լինել:
Նրա խոսքով՝ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ հակամարտող երկրներից մեկում նման մասշտաբի ներքաղաքական ցնցում, փոփոխություն է տեղի ունենում: 
«Սա մեծ մարտահրավեր է, որի պարագայում համանախագահներն ավելի մեծ զգոնությամբ պետք է գործեն և արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմաններում, քանի որ կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից՝ մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով՝ այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա: Տարօրինակ է նաև, որ համանախագահների Հայաստան այցի առիթը չեն օգտագործել տարածաշրջանային այց կատարելու նպատակով, քանի որ հակամարտության գոտում ամեն բան լիովին խաղաղ չէ, ուստի կարելի էր այս առիթն օգտագործել համապատասխան շփումների ակտիվացման համար»,- ասել է գերմանացի քա­ղաքագետը: 
Հարցին, թե Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերի կողմից դիրքերի առաջ բերումը ի՞նչ ուղերձ է հայկական կողմին, Սյուզան Ստյուարտը պատասխանել է, որ ցանկացած նման իրավիճակում կողմերը փորձում են հնարավորինս լավ դիրքեր ու­նենալ: «Կարծում եմ՝ մեծ նշանակություն այստեղ տեղի ունեցողին տալ պետք չէ, քանի որ պատերազմ սահմանի այս հատվածից չի սկսվի, դա շատ վտանգավոր կարող է լինել: Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը դա է»,- ասել է Ստյուարտը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել