Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ոռոգման ջրի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց, որ ոռոգման ջրի սակագինը ծանր բեռ է գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների վրա, ինչի արդյունք է հազարավոր հեկտարներով չմշակվող հողատարածքների առկայությունը: «Մեկ հեկտար հողակտորի մեկ անգամվա ջրելու վարձը կազմում է մինչև 16 հազար դրամ: Շատ մասնագետների կարծիքով այս գներն արհեստականորեն մի քանի անգամ ուռճացված են: Հարց՝ կա՞ արդյոք ոռոգման ջրի սակագինը նվազեցնելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց  Վարդևան Գրիգորյանը:

Ի պատասխան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ խնդիրը մտահոգում է նաև կառավարությանը: «Այս պահին մենք որպես առաջնահերթություն նախարարությունում  այդ հարցի շուրջ համապատասխան քննարկումներ ենք իրականացնում: Տեղյակ ենք առկա խնդիրներին, բայց ես կխնդրեի, որպեսզի թույլ տաք մենք մի քանի օր ևս աշխատենք և ձեզ ներկայացնենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները»,- ասաց նախարարը:

Վարդևան Գրիգորյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, նկատեց, որ գյուղացիները իսկապես ակնկալում են, որ ոռոգման ջրի սակագին որոշակի նվազում կլինի և գոնե այս ուղղությամբ իրենց բեռը կթեթևանա: 

«Ես հիմա կարող եմ այդ հարցին պատասխանել, բայց որպեսզի սպառիչ լինի պատասխանը, ես խոստանում եմ մի քանի օրից ձեզ գրավոր ներկայացնել հնարավոր տարբերակները: Մենք այս պահին պետության կողմից ոռոգման ջրի սակագին որոշակի սուբսիդավորում ունենք, բայց թույլ տվեք համալիր քննարկում իրականացնենք, որոշում կայացնենք և ձեզ այդ մասին տեղեկացնենք»,- պատասխանեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել