Հասկանալու համար, թե ինչ կարևորություն ունի Հորդանանը մերձավորարևելյան տարածաշրջանում և արաբական աշխարհում, բավարար է ընդամենը հետևել այն համակողմանի ջանքերին, որոնք գործադրվում են Հաշիմյան Թագավորության սոցիալ-տնտեսական խնդիրները կարգավորելու և երկիրը հնարավոր քաղաքական ցնցումներից փրկելու նպատակով:

Բանն այն է, որ մայիսի վերջից թագավորության մայրաքաղաք Ամմանում և մի շարք այլ քաղաքներում խոշորամասշտաբ բողոքի գործողություններ են ընթանում՝ ընդդեմ կառվարության կողմից ԱԱՀ-ի բարձրացման, ինչն իր հերթին հանգեցրել էր բենզինի և նավթամթերքի (5,5%), ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի (19%) գների աճին. ի դեպ՝ նշված հարկային բարեփոխումները Հորդանանի իշխանություններին խորհուրդ էր տվել ԱՄՀ-ն:

«Արաբական գարնան» բողոքի գործողություններից հետո ամենամասշտաբային հասարակական ընդվզման (համապետական ցույցեր, գործադուլներ, բախումներ) հետևանքով Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ն արձակեց նախկին կառավարությունը, նշանակեց նոր վարչապետ նախկին կրթության նախարար Օմար ալ-Ռազազին:

Մինչդեռ առկա բազմաբնույթ խնդիրները (ֆինանսական, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ճգնաժամ, անկայունություն, շուրջ 1 մլն սիրիացի փախստականների խնդիրը և այլն) միայն ներհորդանանյան ջանքերով լուծելն անհնար է, հետևաբար թագավորությունը հնարավոր ցնցումներից փրկելու նպատակով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին աբդ ալ-Ազիզի նախաձեռնությամբ հունիսի 10-ին Մեքքայում տեղի է ունեցել Պարսից ծոցի արաբական միապետությունների առաջնորդների գագաթնաժողով, որի ընթացքում որոշում է կայացվել Հորդանանին տրամադրել 2,5 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն: Հորդանանի իշխանություններին ևս 20 մլն դոլար օգնություն է խոստացել հունիսի 10-ին Ամման այցելած ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Զուգահեռաբար, Հորդանանի միապետի հրահանգով նոր կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է հարկային բարեփոխումների ծրագիրը:

Վերոնշյալի համատեքստում հերթական անգամ կարելի է ընդգծել այն կարևորությունը, որ ունի Հորդանանը մի կողմից որպես մերձավորարևելյան տարածաշրջանի դերակատար, մյուս կողմից՝ որպես Ծոցի արաբական միապետությունների, Արևմուտքի կարևոր գործընկեր տարածաշրջանային գործընթացներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել