Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հեռուստատեսային իր կարիերան սկսել է դեռ տասնհինգ տարեկանից։ Այն ժամանակ «Առաջին ալիքով» «Կանաչ գոտին էր», հետո՝ «Ռուբիկոն» երաժշտական նախագիծը, չնայած հեռուստաեթերում չերևալու ժամանակ շարունակում էր աշխատել «Առաջիկ ալիքում»․ Պետական համալսարանի հանրային կառավարման մագիստրատուրան ավարտելուց հետո նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական: Դստեր՝ Կայայի ծնունդից հետո Մանեն յոթ տարի հեռուստատեսային դադար ունեցավ, իսկ արդեն այսօր հաղորդավարուհին վերադարձել է նոր՝ «Անկախ տարիքից» նախագծով: BlogNews.am-ը Մանեի հետ զրուցել է հեռուստատեսային նախագծերի, թատերական բեմադրությունների, հոր՝ Արթուր Գրիգորյանի և Կայայի մասին:

«Անկախ տարիքից» նախագծի մասին

«Առաջին ալիքի» ղեկավարությունն ինձ վստահեց այս նախագիծը, ինչի համար շատ ուրախ եմ: Մեծ թիմ է աշխատում այս նախագծի վրա: Այն, ինչ հեռուստադիտողը տեսնում է եթերում քառասուն րոպեի ընթացքում, մենք նկարահանում ենք երկու ամսում: Այս պահին էլ զուգահեռ նկարահանում ենք ուրիշ հերոսների պատմությունները, մասշտաբային աշխատանք է տարվում, և ամբողջ օրը կարող ենք նկարահանման հրապարակում անցկացնել: Ամեն ինչ շատ հագեցած է և ամենակարևորը՝ հետաքրքիր:

Առաջին եթերաշրջանի համար մի քանի անգամ քասթինգ ենք արել, մասնակիցները նախապես հանդիպել են մեր փորձագետների  հետ, հանձնել անհրաժեշտ անալիզները, ամեն ինչ բավարար լինելուց հետո անցել ենք նկարահանումների: Իհարկե, եղել են դեպքեր, երբ հերոսուհիները նախապատրաստական փուլն անցնելուց հետո նկարահանման հրապարակում մտափոխվել են՝ պատճառաբանելով եթերում երևալու իրենց ներքին բարդույթները:

Հերոսուհիներն այս երկու-երեք ամիսների ընթացքում այնքան հարազատ են դառնում, որ կապը միշտ պահում ենք նրանց հետ: Անգամ վերջերս մեր հերոսուհիներից Սոնյայի դստեր հարսանիքին էինք հրավիրված ամբողջ ստեղծագործական կազմով: Մեր բժիշկները ևս հետևողական են. հերոսուհիներն այցելում են նրանց կլինիկաները, և ամեն ինչ հսկողության տակ է պահվում:

Պատրաստվում ենք նաև երկրորդ եթերաշրջանին։ Հաղորդմանը մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ է, միայն ես օրական ստանում եմ հարյուրավոր նամակներ: Իհարկե, մեծ ցանկություն ունեմ օգնելու բոլոր կանանց, որ նրանք լինեն ավելի ինքնավստահ, գեղեցիկ՝ անկախ տարիքից:

Դստեր՝ Կայայի մասին

Օրս սկսվում և ավարտվում է աղջկաս հետ, քանի որ ես միշտ շատ ժամանակ եմ անցկացրել նրա հետ, հիմա էլ փորձում եմ այնպես անել, որ նկարահանումներս չխանգարեն մեր բնականոն կյանքին: Նա հաճախում է տարբեր խմբակներ՝ լողի, գիմնաստիկայի, նկարչության, իհարկե, մեր դպրոց-ստուդիայում էլ՝ երգի, դաշնամուրի, և ամեն տեղ բավականին լավ արդյունքներ ունի, բոլոր ուսուցիչները գոհ են նրանից: Ես էլ հպարտ մայրիկի կարգավիճակում եմ: Հիմնականում բոլոր գործերս աշխատում եմ անել այդ դասերի ընթացքում, որպեսզի իմ և նրա շփմանն աշխատանքս չխանգարի:

Կայան այս տարի ընդունվեց դպրոց և սեպտեմբերի մեկին գնալու է առաջին դասարան: Նախակրթական քոլեջ նույնպես հաճախում է, բայց ամառային արձակուրդներն արդեն սկսվել են, և մենք տանն ենք շարունակում կրթական ծրագիրը:

Ես ու Կայան շատ ենք սիրում իրար հետ թատրոններ հաճախել, ներկայացումներ նայել, զբոսնել, հեծանիվ քշել, երեկոյան տանը պարել, երգել և, իհարկե, կինո կամ մուլտֆիլմ դիտել:

Մանկական մյուզիքլների մասին

Քանի որ մանկուց մեծացել եմ թատերական բնագավառում և փոքր տարիքից խաղացել եմ հայրիկի մանկական ներկայացումներում, շատ ժամանակ եմ անցկացրել թատրոնում ու շատ եմ սիրում այն ամենը, ինչ կապված է թատրոնի հետ: Ինձ թվում է՝ չես կարող մեծանալ այդ բնագավառում և չվարակվել թատրոնով, բեմով: Շուրջ քսանհինգ տարի, գուցե և ավել, Երգի թատրոնը ներկայացրել է հարյուր մանկական մյուզիքլ թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար, երգի թատրոնի տարբեր սերունդների մասնակցությամբ՝ սկսած առաջին սերունդից՝ Շուշան Պետրոսյան, Արամո, Արթուր Իսպիրյան, Անահիտ Մանուկյան։

Երբ Կայայի հետ սկսեցինք հաճախել թատերական ներկայացումների, հիմնականում բոլոր թատրոններում մանկական ներկայացումների առումով կենտրոնացած էին ձմեռային տոների վրա, ու երբ գալիս է գարունը, այս ոլորտը պասիվանում է: Ես և Կայան՝ իբրև թատրոնի մեծ սիրահարներ, շատ փոքր ընտրություն ունեինք: Մի օր հայրիկիս ասացի՝ պետք է այդ բացը լրացնենք, արի մտածենք ներկայացման մասին: Նա էլ այդ փուլում խիստ զբաղված էր այլ նախագծերով և ասաց, որ ես անեմ: Իհարկե, նրա այդ որոշումը շատ պարտավորեցնող էր:

Ներկայացման գլխավոր փորձից հետո հայրս ծափահարեց և ասաց, որ շատ գոհ է: Դա ամենագլխավոր գնահատականն էր ինձ համար: «Հեքիաթ» ներկայացումը Երևանում խաղացինք շուրջ հիսուն անգամ: Հետո հրավեր ստացանք Նոր տարուն խաղալ Արցախի մանուկների համար։ Շուրջ 3000 երեխա Արցախի բոլոր շրջաններից դիտեց ներկայացումը, և դա նրանց համար կարծես ամանորյա նվեր էր:

Վերադառնալուն պես սկսեցի գրել նոր ներկայացման սցենարը՝ «Չար, թե բարի», որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի ութին: Իմ ներկայացումները ինտերակտիվ բնույթ ունեն, ինչը նշանակում է, որ հանդիսատեսը ևս անմիջական ներկայություն ունի: Իհարկե, ներկայացման մեջ հնչում են կենդանի կատարումներ։ Ի դեպ՝ դա հայրիկիս առաջին նախապայմաններից էր․ մեր թատրոնում պետք է հնչեն միայն կենդանի կատարումներ:

Եղբոր՝ Նարեկի մասին

Եղբորս հետ, չնայած երկու տարվա տարբերությանը, միասին գնացել ենք նույն դասարան, ու միշտ բոլորին թվացել է՝ զույգ ենք: Շատ մտերիմ ենք, չկա այնպիսի օր, որ չտեսնվենք կամ գոնե չխոսենք հեռախոսով: Մեր կապը շատ ամուր է, և ես այնքան ուրախ եմ, որ Անին է հենց նրա կինը, ում հետ քույրեր ենք:  

Արթուր Գրիգորյանի և Կայայի շփման մասին

Հայրս և Կայան շատ մտերիմ են, շատ են սիրում իրար, շատ ամուր կապ կա նրանց միջև հենց ծնված օրվանից: Հայրս միշտ ասում էր՝ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են՝ թոռնիկին ավելի ենք սիրում, քան երեխային: Կամ ինչպե՞ս կարելի է թոռնիկին ավելի սիրել, քան սեփական երեխային: Կայայի ծնվելուց հետո երևի հասկացավ այդ մարդկանց, որովհետև այդ սերն անսահման է, և չես կարող համեմատել այլ սիրո հետ: Հետաքրքիր մի բան ասեմ․ փոքր ժամանակ հայրս հատուկ չէր սովորեցնում մեզ դաշնամուր, մայրս միշտ պայքարում էր, որ մենք գնանք երաժշտական դպրոց, բայց հայրս միշտ ասում էր՝ ես կսովորեցնեմ ու այդպես էլ չսովորեցրեց։ Ես դաշնամուր նվագել չգիտեմ:

Ես միշտ մտածել եմ, որ երեխաս պետք է սովորի։ Երբ Կայան ծնվեց, ասացի հորս՝ ինձ չես սովորեցրել, երեխայիս պետք է սովորեցնես: Նրանք գրեթե ամեն օր երեկոյան նստում են դաշնամուրի մոտ, սկսում են ինչ-որ բաներ սովորել, միասին նվագել: Հայրիկիս սրճարաններում առաջ չէիր տեսնի, ինքը միշտ փակված էր թատրոնում, գործերով, Կայան ստիպեց, որ նա դուրս գա և զբոսնի, գնա սրճարաններ։ Նրան անգամ առևտրի կենտրոններում կարելի է տեսնել:  

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել