Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանն Արցախի փոխարեն չի կարող բանակցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն ընդգծեց, որ բանակցային սեղանին դրված հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին։ «Առնվազն երկու հարցում Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Առաջինը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը՝ Արցախի տարածքային ամբողջականության խնդրին։ Սա առնվազն, սակայն կան էլի հարցեր», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Քոչարյանը։

Հարցին, թե այդ պարագայում ո՞ր հարցերի շուրջ կարող է բանակցել Հայաստանը, Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ չպետք է մոռանալ հանուն ռազմական գործողությունների կանխարգելման բանակցությունների անհրաժեշտությունը։ «Բանակցություններ եթե չկան, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է։ Դրա համար միշտ հիշեք այն հարթությունը, որը վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իհարկե Հայաստանը պետք է բանակցի, բայց Հայաստանը չի կարող բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության իշխանությունների տիրույթում են»,-ասաց Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ եթե Ադրբեջանն իրականում ցանկանում է առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում, նա ուղղակի պետք է բանակցի Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձեւացնի, թե այդպիսի սուբյեկտ չկա։ «Դրա վառ օրինակը 1994 թվականի ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ համաձայնագիրն էր։ Բաքուն ուղղակի սկսեց բանակցել Ստեփանակերտի հետ, համաձայնագիրն ըստ էության պատրաստ էր, Բաքվից առաջարկեցին Երեւանին միանալ, Երեւանը միացավ, բայց կարող էր չմիանալ»,-ընդգծեց փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ այսօր չկա առաջընթացի հնարավորություն բանակցություններում հենց Բաքվի քաղաքականության պատճառով։ «Այն պահին, երբ Բաքուն կընդունի Ղարաբաղին որպես լիարժեք բանակցային կողմ, մենք կարող ենք ակնկալել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել»,- եզրափակեց Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել