«Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվակա­նի Արցախի նախագահի ընտ­րությանը: Այդպիսով Բակո Սա­հակյանը որոշակի գիծ է քա­շում ոչ միայն արցախյան վեր­ջին օրերի հայտնի զարգա­ցումների գործընթացում, այլ, ըստ էության, նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գոր­ծընթացի: Միևնույն ժամա­նակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափո­խությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բե­րելով հետաքրքիր վերափո­խումների:


Խոսքն ուղղակի շարունակու­թյան մասին չէ, այլ, ըստ էու­թյան, տրամաբանական շարունակության, քանի որ Հայաստանում հեղափոխությունն ու իշխանափոխությունը չէին կարող որևէ կերպ չարտացոլ­վել Արցախի իրավիճակի վրա, և ընդ որում՝ այդ իրավիճակում ոչ թե տագնապ, այլ նոր հնա­րավորություններ բացելով:

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության իշխանու­թյունը գոնե առայժմ գտնվեց նվազագույն համարժեքության տիրույթում՝ գնալով իսկապես սպասված ներքին փոփոխու­թյունների և օգտագործելով հասարակական դժգոհության առիթը, չասելով, թե դժգոհ քա­ղաքացիների, ցուցարարների թիվը մեծ չէ:


Ադրբեջանի շարունակվող ռազմատենչությանը Հայաստանն ու Արցախը, փաստորեն, պատասխանում են որակա­կան փոփոխությունների և իշխանափոխության ալիքով, որը, փաստորեն, ունենալու է շարունակություն առնվազն մինչև 2020 թվականը: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ու Արցախը այդպիսով ազդարա­րում են տևական ներքաղա­քական վերափոխումների գոր­ծընթաց՝ Հայաստանում սպաս­վող արտահերթ խորհրդարա­նական, Արցախում սպասվող հերթական նախագահական ընտրությունների տեսքով: Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությու­նը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքա­ղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունե­նալու Նիկոլ Փաշինյանի երկ­րորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայ­տարարել է հայ-ռուսական հա­րաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին:


Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա´մ համաձայ­նեցված, կա´մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կա­րող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին ան­ցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազ­մավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի հա­մարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել