168․am-ը գրում է

«Հարրի Փոթերը եւ անիծյալ զավակը» բեմադրությունը ճանաչվել է ավարտվող բրոդվեյյան թատերաշրջանի լավագույն դրամատիկական ներկայացումը: Այդ մասին հայտարարվել է Tony հեղինակավոր թատերական մրցանակի՝ հունիսի 10-ին Նյու Յորքում անցկացված 72-րդ պարգեւատրման արարողության ընթացքում: Միջոցառման հեռարձակումն իրականացել է CBS հեռուստաընկերությունը:

Ներկայացումը բեմադրվել է 2016 թվականին հրատարակված համանուն պիեսի հիման վրա, որն ստեղծվել է Ջոան Ռոուլինգի՝ պատանի կախարդի մասին գրքերի շարքի հեղինակի մասնակցությամբ: «Անիծյալ զավակը» Հարրի Փոթերի արկածների ութերորդ մասն է: Պիեսն սկիզբ է առնում վերջին գրքի իրադարձություններից 19 տարի անց եւ պատմում է չափահաս Հարրիի, նրա ընկերների ու նրանց երեխաների կյանքի մասին: Բեմադրության պրեմիերան կայացել է Լոնդոնում 2016 թվականին: Այնտեղ ներկայացումը Լոուրենս Օլիվիեի անվան թատերական մրցանակին է արժանացել ինն անվանակարգում:
«Անիծյալ զավակի» բրոդվեյյան տարբերակն այս տարի անվանակարգված էր Tony-ի տասը մրցանակի: Ներկայացումը կարողացել է հաղթել վեց անվանակարգում, ներառյալ «Դրամատիկական ներկայացման լավագույն ռեժիսուրա», «Կոստյումների լավագույն դիզայն» եւ «Բեմի լավագույն դիզայն»:

Լավագույն նորացված դրամատիկական ներկայացում է ճանաչվել Թոնի Քուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսի բեմադրությունը: Դրանում տղամարդու գլխավոր դերը կատարած դերասան Էնդրյու Հարֆիլդը, նույնպես արժանացելէ Tony մրցանակի: Լավագույն դերասանուհի է ճանաչվել 82-ամյա բրիտանուհի, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Գլենդա Ջեքսոնը, որը խաղացել է «Երեք բարձրահասակ կանայք» բեմադրության մեջ:

Tony մրցանակն ամեն տարի շնորհվում է ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար: Այն անվանվել է դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր եւ ֆիլանտրոպ Անտուանետա (Թոնի) Փերրիի պատվին, որը կյանքից հեռացել է 1946 թվականին:

ԱՄՆ-ում Tony-ն համարվում է կինոյում՝ «Օսկար», երաժշտության մեջ՝ Grammy եւ հեռուստատեսային արվեստի մեջ՝ Emmy մրցանակների նմանօրինակը: Պարգեւի դափնեկիրներին հանձնվում է պատվանդանի վրա ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ողբերգության եւ կատակերգության անտիկ շրջանի դիմակները, իսկ մյուս կողմում՝ Փերրիի կիսադեմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել