1942-ին արևմտյան ճակատում իրավիճակը Մեծ Բրիտանիայի համար աղետալի էր: Գերմանական կրիգսմարինները մեկը մյուսի հետևից թագավորական ճակատին նյութական կորուստներ էին պատճառում: Գերմանիայի հզոր արդյունաբերական բազան երկրին թույլ տվեց արագորեն վերականգնել իր տեխնիկական կորուստները, մինչդեռ Մեծ Բրիտանիան, պատերազմի մեջ մտնելով առանց բավարար պատրաստվածության, ուշադրություն էր դարձնում հղացած անգամ ամենատարօրինակ ու անմիտ գաղափարներին, որոնք ինչ-որ կերպ հնարավորություն կտային դիմակայելու թշնամուն:

Այդպիսի գաղափարներից մեկը դարձավ ավիակիրի՝ վերջրյա ռազմանավի ստեղծումը, որի կառուցման համար որպես նյութ պետք է օգտագործվեր սառույցը՝ պողպատի ժամանակավոր փոխարինողը: Պողպատի դեֆիցիտն այդ տարիներին երկրում հասել էր իր գագաթնակետին: Հայտնի է, որ 1942-ին այս գաղափարը քննարկման է դրվել Միացյալ Թագավորության վերին ատյաններում, և դրանց մասնակցել է անձամբ ինքը՝ Ուինսթոն Չերչիլը, որն այդ ժամանակ վարչապետի պաշտոնում էր:

Սառույցից ավիակրի կառուցման միանգամից երկու մոտեցում ի հայտ եկավ: Առաջինը՝ ամենաէժանը, կայանում էր նրանում, որ պետք է կտրվեր հսկայական այսբերգի վերին հատվածը և դրանից կառուցվեր ավիակիրը: Համարվում էր, որ այդպիսի նավերը, որոնք առանձնանում էին իրենց էժանությամբ, օգտագործվելու էին հակառակորդների թիրախների դեմ օդային օպերատիվ գործողություններ կատարելու համար: Այդպիսի այսբերգ-ավիակիրը նաև պետք է օժտված լիներ պաշտպանական համակարգերով և հատուկ շարժիչով: Այսպիսի ռազմանավի կիրառման ժամկետը մի քանի ամիս էր:

Երկրորդ մոտեցումն այն էր, որ ավիակիրը պետք է 0-ից կառուցվի նախկինում պատրաստված սառցե բլոկներից, որոնց միջով սառցե հատուկ խողովակներ պիտի անցնեին, որոնք կօգնեին նավին չհալչել ու երկար ժամանակով կատարել իր գործառույթները:

Երկար քննարկումներից ու բանակցություններից հետո պաշտպանության նախարարությունն ընտրեց հենց այն տարբերակը, որն առավել հեռանկարային էր: Նախագծի ղեկավար նշանակվեց ինժեներ Ջեֆրի Փայքը: Նա փորձարկում արեց ու պարզեց, որ եթե ջուրը խառնեն ցելյուլոզայի հետ, ապա դրա սառեցումից հետո կստացվի սառույց, որը շատ ավելի ուժեղ ու ամուր է սովորական սառույցից և չափազանց ուշ է հալչում: Նոր նյութը, որը, ավելի ուշ պարզվեց, օժտված էր բարձր լողունությամբ, անվանվեց «pykret»: Բրիտանական նախագծին միացան ամերիկացի ու կանադացի դաշնակիցներ: Վերջրյա ռազմանավի փորձնական տարբերակը կառուցվեց երկու ամսում և ջուր դուրս բերվեց Կանադայում, որտեղ էլ սկսվեցին դրա փորձարկումները:

1943-ին 18 մետրանոց նավը հաջող փորձարկում անցավ ամառային եղանակային պայմաններում, սակայն անգլիացի ծովակալները մի քանի հարցեր ունեին ինժեներներին. նրանք խնդրեցին մեծացնել տախտակամածի ուժը, որպեսզի այն հաջողությամբ դիմակայի ծանր ռմբակոծումներին, ինչպես նաև պաշտպանական հատուկ մեխանիզմ ստեղծել նավի համար՝ գերմանական սուզանավերի տորպեդների դեմ: Այդ փոփոխություններն իրականացնելու համար անհրաժեշտ էր ամրացնել նավի մետաղական շրջանակը, ինչն էլ հավելյալ ֆինանսական ծախսեր ու ժամանակ էր պահանջում:

1943-ին բրիտանացիները կարողացան հաղթահարել պողպատի դեֆիցիտը և պողպատյա նավերով փոխարինել էժանագին սառցե նավերը: Արտասովոր ու զավեշտալի նախագիծն աստիճանաբար մոռացվեց, իսկ փորձնական նավը ժամանակի ընթացքում հալվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել