Հայաստանին ու Հնդկաստանին միավորում են բազմամյա պատմությունն ու ընկերությունը: Հնդկաստանը հայերին միշտ գրավել է իր յուրօրինակ մշակույթով, ավանդույթներով, պատմությամբ և, իհարկե, էկզոտիկ արտադրանքով: Առաջին գրավոր հիշատակումն այն մասին, որ հայերը լավ են իմացել դեպի Հնդկաստան տանող ճանապարհը, այդ երկրի մասին քաջ տեղեկացված են եղել, գտնվում է հին հույն գրող, հրամանատար ու քաղաքական գործիչ Քսենոֆոնի աշխատությունում, որտեղ վերջինս նկարագրում է պարսկական արքա Կյուրոսի կյանքն ու կառավարումը: Այնտեղ նշվում է, որ Կյուրոսը խնդրում է հայ վաճառականներին իր դեսպանին դեպի Հնդկաստան ուղեկցել, քանի որ հայերը հաճախ էին այդ երկիր գնում, ջերմ հարաբերությունների մեջ էին տեղի ռաջաների և մահարաջաների հետ, տեղյակ էին սովորույթներից, տիրապետում էին լեզվին:

Հնդկաստանի մասին տեղեկություններ կարելի է գտնել շատ հայ պատմաբանների աշխատություններում, ինչպես Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Վարդան Արևելցու, Ստեփանոս Օրբելյանի, Հեթում արքայի և այլոց մոտ:

Շատ աղբյուներում խոսվում է այն մասին, որ հայ վաճառականներն այնպիսի հեղինակություն ու հարգանք ունեին տեղի կառավարիչների ու բնակչության մեջ, որ նրանց թույլատրվում էր ազատորեն մուտք գործել այն բնակավայրեր ու այն շուկաներ, որտեղ մյուս առևտրականներին արգելվում էր մտնել: Կան վկայություններ այն մասին, որ եվրոպացի միսիոներները, արաբ վաճառականները, իմանալով դա, հագնվում էին հայ վաճառականների նման, որպեսզի անարգել մտնեն նշյալ բնակավայրեր:

Սակայն այսօր մենք կխոսենք ոչ թե հայ վաճառականների մասին, այլ այն հայերի, որոնք Հնդկաստանում հայտնի էին այլ բնագավառներում:

Սկսենք Մողոլական կայսրության արքա Աքբար Մեծի ժամանակներից: Աքբարն առանձնանում էր իր հանդուրժողականությամբ, մշտապես աստվածաբանական թեմաներով զրույցներ էր վարում տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ և չորս կին ուներ, որոնցից բոլորը տարբեր կրոնների ներկայացուցիչներ էին՝ մահմեդական, քրիստոնյա, հինդու և մարվարի: Յուրաքանչյուր կնոջ դղյակը կառուցված էր նրա կրոնին համապատասխան ոճով:

Աքբարի քրիստոնյա կինն Իրանի հայերից էր՝ Մարիամ Զամանի Բեգումը: Հենրի Ջորջ Քեյնն իր «Հինդուստանի էսքիզ» գրքում գրել է. «Այնուհետև Աքբարն ամուսնացավ երկու օտարերկրուհիների հետ, որոնցից մեկը հայուհի էր, մյուսը Մարվարայի արքայադուստրն էր: Իսկ Հենրի Բլոշմանը գրում է, թե «կասկած չկա, որ Աքբարի կինը հայուհի էր»: Ասում են նաև, որ հայուհի է եղել նաև Շահ Ջահանի երկրորդ կինը՝ Մումթազ Մահալը, ում համար էլ նա կառուցել է հանրահայտ Թաջ Մահալը:

Աքբարի դղյակում գլխավոր դատավորը Միր Ադիլ Աբդուլ Այն էր: Նրա դուստրը՝ Ջուլիանան, արքայի հարեմի բժիշկն էր, ով ավելի ուշ ամուսնացավ ֆրանսիական թագավորական ընտանիքի Ժան Ֆիլիխ Բուրբոն Նավարացու հետ: Ագրա քաղաքի միսիոներական արխիվներից մեկում հետևյալ արձանագրությունն է հայտնաբերվել. «Ագրայի եկեղեցին կառուցված է Ժան Ֆիլիպ Բուրբոն Նավարացու և նրա կնոջ՝ հայուհի Ջուլիանայի կողմից, ով արքայի հարեմի բժիշկներ էր:

Պորտուգալերենից Աքբարի թարգմանիչը հայ Դոմինգո Պիրեսն էր: Աքբարը նրան Գոա է ուղարկել դեսպանության կազմում, իսկ նամակում գրել է. «Իմ դեսպանի Աբդուլին ու հայ, քրիստոնյա, թարգմանիչ Դոմինիկ Պերեսին եմ ուղարկում, որպեսզի դուք ինձ ուղարկեք երկու գիտնական տղամարդկանց ու օրենքի գրքեր, մասնավորապես՝ Աստվածաշունչը, որպեսզի ես տեղեկանամ օրենքից ու դրա գերազանցությունից»: Ճիզվիտ հայրերի նականերից իմանում ենք, որ Դոմինգոն Աքբարի սիրելին էր, և կայսրն անգամ ներկա է գտնվել նմրա հարսանիքին:

Հնդկաստանում հայտնի հայ բանաստեղծ կար՝ Սարմադը, ով ապրել է 17-րդ դարում: Նրա անունը հաճախ հիշատակվում է Ֆիրդուսի, Հայամա, Սաադի և Հաֆեզա անվանումների տեսքով: Թոմաս Ուիլյամ Բիեյլի արևելյան կենսագրական բառարանում գրված է, որ Սարմադը հայ վաճառականներից մեկի բանաստեղծական անունն էր: Նա Պարսկաստանից եկել է Հնդկաստան առևտուր անելու համար, սակայն հնդկական փիլիսոփայության ազդեցության ներքո ճգնավոր է դարձել և ողջ կյանքը նվիրել է ճշմարտության փնտրմանը: Պատմական վկայություններ կան նրա գերբնական կարողությունների մասին: Սարմադը հարյուրավոր աշակերտներ ուներ, որոնցից էր նաև արքա Շան Ջահանի ավագ որդին՝ Դարան: Սարմադը միշտ ճշմարտությունն էր ասում, որը դուր չէր գալիս արքա Աուրանգզեբին՝ Դարայի եղբորը: Վերջինս անդադար պատրվակներ էր փնտրում նրանից ազատվելու համար: Եվ պատրվակը եղավ այս քառատողը, որի պատճառով բանաստեղծ-փիլիսոփան մահապատժի ենթարկվեց։

Մոլլաներն ասում են՝ Մուհամեդը դրախտ է ընկել,

Սարմադն ասում է՝ դրախտն է հայտնվել Մուհամեդի մեջ:

Պատժից առաջ Սարմադն իր վերջին քառատողն է արտաբերել.

Աղմկոտ էր, և մենք բացեցինք հավերժական քնի աչքերը,

Տեսանք, որ գիշերը չարամտորեն շարունակվում է, և մենք կրկին քնեցինք:

Սարմադի 400 քառատողերը պահպանվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

Հնդկաստանում նաև հայ բանաստեղծուհիներ կային: Մալիկա Ջանը ուրդու լեզվով երգեր էր գրում: Անգլիական հրեայից նա դուստր ունեցավ՝ Գոհար Ջանը, ով ողջ Հնդկաստանում հայտնի պարուհի-երգչուհի դարձավ: Նա 13 տարեկանից բեմ բարձրացավ, և երգում էր 20 հնդկական լեզուներով: Գոհար Ջանը՝ Հնդկաստանի առաջին երգչուհին էր:

Հայերը Հնդկաստանում նաև ռազմական գործունեությամբ էին զբաղվում և զենքեր էին պատրաստում: Հատուկ հայկական ջոկատներ ևս կային, որոնք պայքարում էին Հնդկաստանի անկախության համար բրիտանական գաղութացումից: Եվ յուրաքանչյուր հաղթանակից հետո հնդկական դրոշի հետ մեկտեղ հայկական դրոշը ևս ծածանվում էր օդում:

18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանի արևելքում՝ Բենգալիայում, շատ հայտնի էր Գորգին խանը: Անգլիացի պատմաբան Մարշմանը գրել է, որ Բենգալիայի նավաբը (կառավարիչը)՝ Միր Քասիմը, բրիտանացիների դեմ իր հաղթանակի համար լիովին պարտական է Իսֆախանում ծնված հա Գրիգորին, ով առավել հայտնի էր Գորգին խան անունով: Մինչ այդ վերջինս զբաղվում էր առևտրով, սակայն երբ նրան ռամական գործեր վստահեցին, Գորգինը պատվով դուրս եկավ դրանց տակից: Պակաս, քան երեք տարում նա ստեղծեց 15 հազարանոց հեծելազոր և 25 հազարանոց հետևակ:

Միր Քասիմի բանակում կային նաև 8 բարձր մակարդակի զինվորականներ ու 100 այլ հայ ծառայողներ: Նրանց թվին էր դասվում գեներալ մարգար Քալանթարը, որը մինչ այդ ծառայում էր Հոլանդիայում: Վերջինիս իր անձնազոհ ծառայության համաև նավաբը տվեց իշխանի տիտղոս: Իսկ Հովհաննես Նազարը Մի Քասիմի թիկնազորի պետն էր:

Հայտնի զինվորական էր նաև Գվալիոր իշխանի զորքի գնդապետ Հակոբը, ով ծառայեց 70 տարի և մահացավ 95 տարեկան հասակում՝ 1850 թվականին: Նա ևս վաճառականների ընտանիքից էր, սակայն իրեն տեսնում էր ռազմական գործում:  

Հնդկաստանի հայերի մասին շատ այլ բաներ կարելի է պատմել, սակայն դրա համար երկար ժամանակ է հարկավոր: Սակայն միանշանակորեն կարող ենք պնդել, որ իրենց վարքագծով ու բնավորությամբ հայերը Հնդկաստանին ցույց են տվել, որ նրանք անտարբեր չեն այն երկրի ճակատագրին, որը նրանց դժվար օրերին կացարան էտվել, օգնել է ուժերի հնարավորին չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել