Ռուսական մի թևավոր խոսք կա՝ тяжела шапка Мономаха: Դրանով ուզում են ասել, որ իշխանության պատասխանատվության բեռը մեծ է։ Այս խոսքն արդեն որերորդ անգամ մտքիս է գալիս լռության պատճառով, նոր «Մոնոմախի» ու իր թիմի լռության։

Ադրբեջանը ցուցադրել է չին-բելառուսական արտադրության Պոլոնեզ համակարգերը, որոնք բոլորովին վերջերս է ձեռք բերել Բելառուսից։ Ցուցադրվել են նաև իսրայելական ու չինական արտադրության տակտիկական հրթիռային համակարգեր՝ մինչև 300 կմ խոցման շառավղով։ Այս իրողությամբ կրկին իրավիճակ է փոխվել․ ռազմական բալանսը կրկին խախտվել է ու ոչ հօգուտ մեզ։ Բալանսը վերականգնվել էր Ապրիլյանից հետո, երբ մենք ստացանք մեր Իսկանդերները, որոնց հեռահարության ու մարտավարատեխնիկական բնութագրի անալոգներ Ադրբեջանը չուներ։ Հիմա ունի, ըստ ամենայնի՝ ավելի շատ, քան մենք։ Ոչ մի տեղ չի կորել այլ սպառազինությունների թվային ու որակական առավելությունը։ Փորձը ցույց է տալիս, որ բալանսի նման խախտումը բերում է արկածախնդրություն կրկնելու ցանկության կտրուկ աճի։

Իսկ ի՞նչ են ասում այս առնչությամբ նոր իշխանությունները, որոնք մինչև իշխանություն դառնալը գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում էին ռուս-ադրբեջանական զենքի գործարքի մասին, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ոչ դաշնակցային քայլերի մասին ու Հայաստանի կոշտ արձագանքի բացակայությունից էին բողոքում։ Ոչ մի բան էլ չեն խոսում։ Անգամ թեման հպանցիկ չի շոշափվում։ Քար լռություն է, ու տպավորություն է, որ Պոլոնեզները ոչ թե Ադրբեջանն է գնել, այլ՝ Մոզամբիկը, վաճառողն էլ ոչ թե ՀԱՊԿ անդամ Բելառուսն է եղել, այլ՝ Մալայզիան։ Փոխարենը հրավառությունների հարց են լուծում, արդեն 7 պորտի շեմին են մոտենում բարեկամներին պաշտոնների նշանակելու հարցում, ահաբեկիչների են ազատում։ Տպավորություն է, որ իրոք մեր երազանքների Հայաստանում ենք ապրում, բայց դրա մասին ո՛չ մեր ոխերիմ հարևաններն են տեղյակ, ո՛չ էլ մնացած մոլորակը։

Նիկոլ Փաշինյանը 2 օրից մեկնում է Մոսկվա, ու ըստ նրա մամլո խոսնակի՝ հանդիպում է լինելու Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆորմալ առումով այս պաշտոնական այցը կարող է լինել զուտ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության կապակցությամբ, բայց ես լիահույս եմ, որ երկրի ղեկավարը հասկանում է, որ շատ տագնապալի դրություն է ստեղծվել, ու մեր օրվա հրամայականն է վերականգնել ռազմական բալանսը, իսկ անելու հարցում մեզ օգնել չեն կարող ո՛չ Սփյուռքը, ո՛չ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիները, ո՛չ սերն ու հանդուրժողականությունը, ո՛չ էլ անգամ ձեռքերը վեր բարձրացնելով ճամփեք փակելը։ Զենք տալ (հենց տալ, որովհետև նաղդ փող չկա), այն էլ՝ այն ծավալի, որ ռազմական բալանս վերականգնվի, կարող է միայն ու միայն Ռուսաստանը։ Ու ոչ միայն զենք, այլ քաղաքական ճնշումներ պետք է գործադրվեն առաջին հերթին Ադրբեջանի, հետո՝ ՀԱՊԿ անդամների վրա, որ արհեստականորեն չբարդացնեն իրավիճակը մեր տարածաշրջանում։

Թերևս այս ծանր իրողության գիտակցությամբ էլ պայմանավորված է այն քար լռությունը ու միտինգային ճառերի բացակայությունը իշխանությունների կողմից, որովհետև իրոք ծանր է Մոնոմախի գլխարկը, ու էլ բավարար չէ ԱԺ ամբիոնից ու մեդիա հարթակներից քրֆել իշխանություններին ու ասել՝ դե լուծե՛ք։ Հիմա դեռ իրենց քրֆողներ չկան, իսկ այ լուծողներ կան. հենց իրենք են կամ էլ գոնե պետք է փորձեն լինել լուծող։

Հ․Գ․ Այս զինատեսակների ձեռքբերումով Ադրբեջանn իր տարածքից կարող է խոցել ՀՀ տարածքում գտնվող ցանկացած թիրախ։

Կից նյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել