Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է հունիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը հունիսի 14-ին տեղի է ունենալու Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում՝ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային թիմերի հանդիպումից առաջ՝ հանդիսավոր միջոցառմամբ:

Արդեն հայտնի է, որ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի՝ Մոսկվա այցի մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չհստակեցնելով, սակայն, այցի ծրագիրը: Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացումն առաջին միջոցառումն է, որին կմասնակցեն միաժամանակ և Հայաստանի նոր վարչապետը, և Ադրբեջանի նախագահը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը Ռուսաստանում անցկացվում է առաջին անգամ: Առաջնության խաղերը հունիսի 14-ից հուլիսի 15-ը տեղի են ունենալու Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Սարանսկում, Դոնի-Ռոստովում, Սոչիում, Կազանում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում և Եկատերինբուրգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել