Armenpress.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը քննարկում է նոր նախակրթարաններ, մանկապարտեզներում նոր խմբեր բացելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, առաջիկայում նաև մեկ մանկապարտեզ կբացվի Նուբարաշենում:

 «Նախատեսում ենք դպրոցների տարածքներում նոր նախակրթարաններ բացել: Դրանք կլինեն այն հատվածներում, որտեղ մանկապարտեզի կարիք կա, հերթագրված երեխաները շատ են: Նախակրթարաններում երեխաները կնախապատրաստվեն դպրոցին: Քննարկվում է մանկապարտեզներում հնարավորության դեպքում խմբերում տեղերն ավելացնելու, նոր խմբեր բացելու հարցը»,-ասաց Աննա Ստեփանյանը:

Մանկապարտեզների պահանջարկը կա, այսօր եղածները գործում են ծանրաբեռնված, թերևս դա է պատճառներից մեկը, որ գրանցված երեխայի հերթը հասնում է, սակայն նա չի ընդունվում:

«Նախ ասեմ, որ սեպտեմբերին առաջնահերթությամբ ընդունեցինք բոլոր այն երեխաներին, որոնք մոտ են դպրոցական տարիքին: Նպատակն այն է, որ դպրոցական տարիքին մոտ գտնվող երեխաները մինչև դպրոց գնալը գոնե մեկ կամ երկու տարի նախապատրաստվեն: Նույնն իրականացնելու ենք այս տարի»,-ասաց Աննա Ստեփանյանը: Դրանից բացի, քաղաքապետի որոշմամբ կան արտահերթ կարգով ընդունվող երեխաներ: Նրանք զինծառայողների, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, սիրիահայերի երեխաներն են: Ահա այդ պատճառով խմբերում շատ քիչ տեղեր են մնում, հետևաբար լինում են դեպքեր, երբ գրանցված երեխայի հերթը հասնում է, սակայն նրան չեն կանչում»,-նշեց Աննա Ստեփանյանն՝ ընդգծելով, որ նոր նախակրթարաններով, նոր խմբերի բացմամբ փորձում են խնդիրը լուծել:

Աննա Ստեփանյանը նշեց, որ շատերը դժգոհում են՝ ասելով, թե ոչինչ թող 30 երեխայի փոխարեն լինի 35-ը, բայց գոյություն ունեն նորմեր, ըստ որի, կրտսեր խմբում երեխաների թիվը չի կարող գերազանցել 20-ը, մյուս խմբերում՝ 30-ը: Չնայած թողնվել է 10 տոկոս հավելումը, որպեսզի ևս 2-3 երեխայի թույլ տրվի հաճախել մանկապարտեզ:

Խոսելով ընթացիկ տարում մանկապարտեզներում կատարած ստուգումներից՝ Աննա Ստեփանյանը նշեց, որ քաղաքապետի կարգադրությամբ յուրաքանչյուր ամսվա մեջ այցելություններ են կատարում մանկապարտեզներ, վերջիններիս գործունեությունը դիտարկելու համար:

«Տարբեր խնդիրներ են լինում: Դրանք հիմնականում կապված են երեխաներին մանկապարտեզներից շուտ վերցնելու հետ, ծնողները ցանկանում են պարապմունքների տանել: Դժգոհությունները կարծես, տնօրենների շրջանում են, սակայն ծնողի իրավունքն է, ինքն է որոշում երբ վերցնել երեխային: Ամեն դեպքում մենք կողմնակից ենք ճկուն գրաֆիկին: Պետք է ասեմ նաև, որ մանկապարտեզներում սննդի հետ կապված հարցերը, սանիտարահիգիենիկ խնդիրները, անհրաժեշտ գույքով ապահովված լինելը, կարգավորված են: Այստեղ իրապես խնդիր չունենք»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ ծնողները դժգոհում են մանկապարտեզների աշխաժամանակից, կարծես՝ ներքին հրահանգ կա, ժամը 16:00-ից երեխաներին վերցնելու, ինչն աշխատող ծնողների համար բարդ է, Աննա Ստեփանյանը նշեց, որ նման հարց ամիսներ առաջ բարձրաձայնվել է, կատարվել են ստուգայցեր: Առաջարկվել է մանկապարտեզներում հերթապահություն սահմանել, որպեսզի դայակները մնան ավելի երկար, մինչև ծնողն աշխատանքից հասնի:

«Հետո դա սպառվեց, որովհետև ծնողները մեկնաբանեցին, որ երեխան մենակ է մնում իր խումբը չի, իր դաստիարակը չի, չեն ուզում թողնել երեխային: Ասեմ, որ վերջին շրջանում քաղաքապետարանն այդ հարցի հետ կապված դժգոհություն չի ստացել: Եթե կլինի պետական մոտեցում, որ մանկապարտեզների աշխատաժամանակը երկարացվի, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում: Ամեն դեպքում, եթե ծնողները ցանկանում են, ապա կարծում եմ, որ կարող են տեղում տնօրենների հետ պայմանավորվել»,-հավելեց Աննա Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 30 հազար երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել