Ես չգիտեմ` ինչ ա կատարվում Նախիջևանում: Գնացել, հասել եմ ընդեղ, բարձրացել եմ ադրբեջանցիների կողմից իբր թե գրավված դիրքերը: Ու չգիտեմ: Ոչ էլ զինվորականներն են կարում մի բան ասեն...

Միջդիրքային տարածությունների կրճատումը արդեն 10-15 տարի շարունակվող քաղաքականություն է: Ընդ որում` երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկում էին: Սկսվեց Արցախից, որտեղ միջդիրքային տարածությունը տեղ-տեղ ընդամենը տասնյակ մետրերի է հասնում: Հետո Տավուշի ճակատում դիրքերը սկսեցին իրար «մոտենալ»: Վերջին 3-4 տարիների ընթացքում էլ Նախիջևանում է նույն մարտավարական պայքարը գնում: Հենց ձյունը հալվում է, երկու կողմերն ակտիվ գործողություններ են ձեռնարկում: Այս ամենը բավականին տրամաբանական է և բխում է այն ընկալումից, որ ստատուս քվոն չի կարող անվերջ պահպանվել:

Այնուամենայնիվ, կոնկրետ հիմա Հյունութ սարի շուրջ կատարվողը ես չեմ հասկանում: Այդ տեղանքում երկու կողմերի դիրքերը մոտ 2-2.5 կմ հեռավորության վրա էին: Ամենքս մեր բարձունքն ունեինք ու պահում էինք: Հարևանները բռնել, իրենց բարձունքից իջել են, առաջացել են մոտ մեկ կիլոմետր ու մի քանի տեղ կրակակետ սարքել: Կրակակետը որն ա, թեթև խրամատներ են փորել, փորածը լցրել են սպիտակ պարկերի մեջ ու շարել: Էդ կրակակետերը այնպես են դիրքավորված, որ մեր հենակետերը համ էդ կրակակետերը կարան հողին հավասարեցնեն, համ էլ հանգիստ թույլ չտան, որ ծանր տեխնիկա մոտենա այդ հատվածներին: Պատկերացրեք, որ երեք բարձրահարկ շենքի հայաթում ինչ-որ մեկը փորձի տեղավորվի, դուք էլ ամեն շենքի կտուրին զորք ունենաք: Սա է պատճառը, որ ո՛չ ես, ո՛չ էլ զինվորականները չեն կարողանում հստակ պատասխանեն, թե ինչ է տեղի ունեցել ու ինչի համար: Եկել, փորել, գնացել են:

Ընդ որում՝ գալ, փորել, գնալը ներկայացրել են որպես 10,000 հեկտարի ու մի բնակավայրի ազատագրում: Մինչդեռ իրականում, պայթի-տրաքի, մի 1500 հեկտար ա, էդ բնակավայրին էլ մի կես ժամ պիտի նայես, որ ջոգես՝ ինչին ես նայում. հողին հավասար խոտածածկ տարածք ա: Միգուցե ինչ-որ բանի են պատրաստվում, միգուցե զուտ քաղաքական դիվիդենտ էր պետք, շոու էին կազմակերպել: Չգիտեմ: Այլ տեղերում թե՛ իրենց և թե՛ մեր առաջխաղացումները հասկանում եմ, էս դեպքը չեմ հասկանում:

Սրա հետ մեկտեղ գիտեմ, որ արցախյան ճակատում տեխնիկայի կուտակման հետ մեկտեղ ներկա պահին ակտիվ կուտակվում են հակառակորդի զինվորները: Երեկ հակառակորդի կրակոցից մեր զինվորը սպանվել էր, իսկ դրա նախորդ օրը ևս մեկը ծանր վիրավորվել էր:

Ասածս ի՞նչ է․ ո՞ր մեկս չգիտի, որ պատերազմը ժամանակի հարց է: Ինչքան էլ Սորոսիկները պնդեն, որ «պատերազմող երկիր» եզրույթը զուտ քարոզչական հնարք է, ու որ խաղաղությունը հնարավոր է, ու որ պատերազմին պետք չէ պատրաստվել, բոլորս էլ գիտենք իրականությունը: Պատերազմող երկիր ենք ու բոլոր երեք ճակատներով պատերազմը մեզ է մոտենում: Կարող ա հունիսի 15-ին սկսի հարձակումը, կարող ա ամառվա վերջ, կարող ա մյուս տարի, կարող ա երկու տարուց: Էդ անտերը լինելու ա: Դրան պետք է պատրաստ լինել հոգեպես և ֆիզիկապես:

Հ.Գ. Ինչ վերաբերում է մեր «մարդասիրությանը», երբ նրանք խնդրում են գերեզման այցելելու թույլտվություն, լավ կլինի մյուս անգամ դա ձայնագրենք, որ հետո սենց կլոունություն չանեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել