Այսօր՝ հունիսի 10-ին ՏԻՄ  ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում:

Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Մայիսի 31-ի ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

ԿԸՀ տվյալների համաձայն,  առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել