Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել են Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ կատարվեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից:
Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր:

Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝  Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար:

Առաջիկա կիրակի բարեկենդանն է Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի, որին հաջորդելու է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սա հրաշալի առիթ է, որպեսզի պահեցողության այս օրերին ամենքս զորացնենք աղոթական մեր կյանքը՝ հոգևոր խորհրդածությունների միջոցով համերաշխության ոգին ամրացնելու և սրբազան մեր առաքելությունն առավել արգասավոր դարձնելու համար:

Հրավիրում ենք մեր Եկեղեցու բարեպաշտ հավատացյալներին՝ աղոթական խաղաղ ու խոնարհ հոգով շարունակել մնալ աստվածպաշտության մեջ և իրենց գործուն մասնակցությունը բերել մեր եկեղեցական կյանքին՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:

Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել