168.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում վեկտորների փոփոխություն տեղի չի ունենալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստանի արտաքին հարաբերություններում ՀՀ պետական շահը լինելու է առաջնահերթություն: Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունենա, սակայն դա չի նշանակում, որ չկան խնդիրներ և որ դրանք չպետք է լուծվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված առաջիկա քայլերին՝ նա տեղեկացրեց, որ առայժմ նման պայմանավորվածություն չկա. «Առաջիկայում Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և այդտեղից էլ կհասկանանք, ինչ ուղղությամբ ենք գնալու»:

Հարցին՝ արդյոք բավարա՞՚ր է համարում փորձը փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու համար՝ Ռուբինյանը պատասխանեց. «Այո»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել