Armenpress.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ հատուկ պահպանվող տարածքների և անտառների իրավունքների խնդրի լուծում, հանքարդյունաբերություն և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս խնդիրներին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ոլորտում առկա խնդիրներից մեկը պահպանվող տարածքների և անտառների իրավունքի խնդրի լուծումն է, ընդ որում՝ սա շատ այլ խնդիրների լուծման նախապայման կարող է լինել: Երկրորդ խնդիրը կապված է հանքարդյունաբերության հետ: Բնապահպանական ազդեցությունների մասով կան մտավախություններ, և այդ պատճառով նախատեսվել են ստուգումներ: Բացի ստուգումներից, կան նաև այլ զուգահեռ գործընթացներ: Այսինքն՝ ոչ միայն ֆիզիկական, այլև փաստաթղթային:  Մենք խոսում ենք 28 մետաղական հանքերի մասին, սակայն դրանց մեծ մասը շահագործման փուլում չի գտնվում: Օրենքում նախատեսված է, որ եթե գործունեություն չի իրականացվում մեկ տարվա ընթացքում, ապա փորձաքննական եզրակացությունն ուժը կորցնում է: Զուգահեռ նաև այս գործընթացն ենք մեկնարկել, այսինքն՝ կտեսնենք, թե որ հանքարդյունաբերական շահագործման թույլտվություն ունեցող կազմակերպություններն են, որոնք են սկսել շահագործել, և կնախաձեռնենք փորձաքննական դրական եզրակացությունները կասեցնելու գործընթացը»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, թե հանքարդյունաբերության ոլորտի ստուգումներին լրագրողներն էլ կարող են մասնակցել, նախարարն ընդգծեց, որ կան սահմանափակումներ ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունը երրորդ անձի ստանալու վերաբերյալ:

«Չնայած այդ ամենին, ես հույս ունեմ, որ հանքարդյունաբերողներն ընդառաջ կգնան և կհամաձայնեն, որպեսզի լրագրողները նույնպես մուտք գործեն հանքի տարածք և ներկա գտնվեն ստուգումներին: Այս հարցը շատ ավելի իրավական դաշտում է, սակայն մենք լիահույս ենք, որ մեդիան և քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավված լինեն: Ընդ որում՝ կարծում եմ, որ շատ ավելի օգտակար կլինի, որպեսզի միջազգային փորձագետի մակարդակով մարդիկ ներգրավված լինեն: Այստեղ իրավական հարց կա, թե ինչպես պետք է այդ գործընթացն իրականացնել»,- շեշտեց Գրիգորյանը:

Առաջիկայում Բնապահպանության նախարարության և Ընդերքի տեսչական մարմնի համատեղ իրականացրած ստուգումներից հետո կմեկնարկեն ստուգումներ ամենառիսկային և ամենամեծ հնչեղություն ունեցող հանքարդյունաբերողների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել