Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերադառնալով խորհրդակցական սենյակից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:

Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը դատարանը քննեց՝ հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրել էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:

Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել