Armenpress.am-ը գրում է.

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է Ավինյանը։

Ավելի վաղ`  հունիսի 5-ին հրավիրված ասուլիսում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներից Վազգեն Գալստյանը նշել էր, որ իրենց նպատակն է Ամուլսարի  ոսկու հանքի գործունեության դադարեցումը, քանի որ այն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը և բնությանը վնաս է պատճառում:

Ի պատասխան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է:

«Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝  բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով»,- ասել էր նա:

Ջերմուկում և Գնդեվազում ակտիվիստները 10-օրյա դադարից հետո հունիսի 4-ի վաղ առավոտվանից նորից սկսել էին իրենց բողոքի ակցիան` փակելով դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող բոլոր ճանապարհները՝ այդ կերպ խոչընդոտելով այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել