Armenpress.am-ը գրում է.

Արցախում իրավիճակը հանգիստ է, ցուցարարները շարունակում են հետևել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ցույցերը դադարեցնելու կոչին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախում կյանքն իր բնականոն հունով շարունակվում է:

«Պետք է ասեմ, որ այս օրերին ևս Արցախում, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, չեն խաթարվել բնականոն կյանքը, տարբեր կառույցների գործունեությունը: Այսօր էլ, որքան տեղյակ եմ, ցույցեր չկան, ճանապարհները բաց են, ամեն ինչ նորմալ է, այս պահին միայն հորդառատ անձրև է գալիս»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր էին տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավմամբ ծեծկռտուքի պատճառով: Նա անընդունելի է համարել խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ստեփանակերտում դադարեցնել բողոքի գործողությունները, որպեսզի ցուցարարների և պետական կառույցների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին հանդիպել էր նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել էին փողոցում հավաքված ցուցարարներին: Արայիկ Հարությունյանը ողջունել էր ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնել էին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին: Պետական նախարարն ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հնչեցրած կոչը, որտեղ նա փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները: Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են և դադարեցրել բողոքի ակցիան:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել