Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ խոշոր սուպերմարկետների կողմից հարկային չարաշահումների բացահայտումից հետո ձերբակալվածներ չկան:  Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ իրենք հակված չեն մարդկանց ձերբակալել ու նստեցնել: «Մենք ավելի հակված ենք պետությունից շրջանցված կամ գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը՝ շեշտելով, որ իրենք ունեն բոլոր մեղավորներին պատժելու քաղաքական կամք:

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց՝ ցանկացած պաշտոնյա ներկա, թե նախկին, ով կհայտնվի իրենց  տեսադաշտում և լինեն բավարար հիմքեր  պատասխանատվության ենթարկելու, կենթարկվեն պատասխանատվության:

Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այս կամ այն գործի հետևում կանգնած է այս կամ անձը, սակայն հավելեց, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է:  «Եվ քրեական  հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով պաշտոնյաներին, որոնց իմացությամբ իրականացվել են հարկային չարաշահումները՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: «Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

Մայիսի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն` «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։

Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել է, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։ Խանութները նրանցից մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։

Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։ Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել:

Նամակի տակ ստորագրել են «Երևան սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ», «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները: Բացահայտված խախտումներից հետո հունիսի 1-ին սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում է մոտ 20 տոկոս թանկացմամբ: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ է եղել այն մասին, որ խոշոր սուպերմարկետները ՊԵԿ-ի հետ համաձայնություն են ունեցել գյուղմթերքի և մսամթերքի մասով աշխատել ԱՁ-ներով և ոչ թե ԱԱՀ հարկման դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել