Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից, քան իրեն կհասցնեն հեռացնել: Ֆելիքս Ցոլակյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ցոլակյանը՝ արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե երեք անգամ խմբակցության որոշումներին դեմ գնալու դեպքում դրվում է կուսակցությունից պատգամավորի հեռացման հարցը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը երկու անգամ խմբակցության որոշումներին դեմ է գնացել ու դրա համար ստացել նկատողություն:

Հարցին, մտահոգված չէ՞, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Հա, ահավոր վախեցած եմ»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկության ընթացքում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, մինչդեռ այդ պահին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը միաձայն դեմ քվեարկելու որոշում ուներ: Ֆելիքս Ցոլակյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց նաև մայիսի 8-ին, երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել