Armenpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում կրթական հաստատություններում քաղաքական ազդեցություններն ու շահարկումները: Նրա խոսքով՝ դա կրթության իրավունքի ապահովման, կրթական գործընթացի, մայր բուհի հեղինակության հարցեր է առաջացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանը նշեց, որ ներկայում էլ դաս չեն քաղել նախկինում իրենց զեկույցներից և հայտարարություններից, որ չի կարելի քաղաքականացնել կրթական հաստատությունները: «Քաղաքական հետապնդման հարց է բարձրացվում, այսպիսի բան չի կարող գոյություն ունենալ: Ինչ է նշանակում քաղաքական հետապնդում բուհի նկատմամբ: Եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է քննություն տարվի կոնկրետ մարմինների կողմից»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Նա ասաց, որ այսօր, հավանաբար, կդիմի իրավասու մարմիներին, որպեսզի հասկանա ստուգման ընթացակարգեր սկսվե՞լ են, թե՞ ոչ: «Ես ոչ թե հետապնդման հարց եմ բարձրացնում, այլ ուզում եմ հասկանալ իրավական պետությունում գործընթաց կա՞, թե՞ ոչ: Ամբողջը պետք է ընթանա իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան, քանի որ հետևանքները կարող են վատ ու խորը լինել երկրի համար: Այս սկզբունքներին, որոնց մասին ես բարձրաձայնում եմ, պետք է հետևել ու վերջ»,-պնդեց Արման Թաթոյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ ուսանողն իրավունք ունի բարձրացնել դժգոհություն, որն ուղղված է կրթության որակին, իսկ խախտումներով պետք է զբաղվեն կոնկրետ մարմինները: «Դրա համար ես նշում եմ, որ եթե ռեկտորը թույլ է տվել խախտումներ, պետք է տարվի քննություն, դրանց ընթացքում, թե հաստատվի, պետք է ենթարկել պատասխանատվության: Սա իրավական պետության կարևոր գաղափարներից է: Պետք է շարժվենք իրավական պետության սկզբունքներին համապատասխան»,-ընդգծեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել